2026 թվականի փետրվարին դատարանների աշխատանքի գոհունակությունը հասել է 40%-ի

Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանի Հանրապետությունում իրականացված 2025-2026թթ․ փետրվարն ընդգրկող մեծածավալ սոցոլոգիական հարցման շրջանակում ի շարս այլ պետական կառույցների՝ անդրադարձ կա նաև դատարանների աշխատանքին։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Հարցումների արդյունքը ցույց է տալիս, որ դատարանների աշխատանքի գնահատականը մի քանի սանդղակով բարելավել է դիրքերը։ Մասնավորապես, եթե 2025 թվականին դատարանների աշխատանքի նկատմամբ գոհունակությունը կազմում էր 31%, ապա 2026 թվականի փետրվարին այդ ցուցանիշը հասել է 40%-ի, բացի այդ, եթե 2025 թվականին դատարանների աշխատանքից լիովին գոհ քաղաքացիների թիվը կազմում էր 8%, ապա 2026 թվականին այն աճել է 3%-ով՝ դառնալով 11%։

Միաժամանակ, քաղաքացիների պատասխանները փաստել են, որ նկատելի աճ կա նաև դատարաններից գոհ լինելու մասով, այդ ցուցանիշը բարելավել է իր դիրքերը 6%- ով՝ 23 %-ից հասնելով 29 %-ի։ Հատկանշական է նաև, որ գնահատման սանդղակում դժգոհության ցուցանիշի աճ չի արձանագրվել։

Նշենք, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի կողմից տվյալները ստացվել են հեռախոսային հարցումների միջոցով։

Հիշեցնենք, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) ԱՄՆ-ում գրանցված, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է հասարակական կարծիքի հետազոտություններ ու ժողովրդավարական կառավարմանն ուղղված ծրագրեր։ Դրանց շրջանակում IRI-ն պարբերաբար ուսումնասիրում է նաև Հայաստանի դատական համակարգի նկատմամբ հասարակական վստահության մակարդակը և արդարադատության արդյունավետության հանրային գնահատականները:

Leave a Comment