Պատերազմը «շուտով» կավարտվի. Թրամփի այս հայտարարությանը Իրանից արձագանքում են` իրենք են որոշելու պատերազմի ավարտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին մի քանի անգամ հայտարարել է, որ Իրանում պատերազմը շուտով կավարտվի, բայց` ոչ այս շաբաթ։

«Իմ կարծիքով` շուտով։ Նրանք ամեն ինչ կորցրել են, ներառյալ իրենց ղեկավարությունը։ Շատ մարդիկ նույնիսկ չեն էլ լսել այն ղեկավարի մասին, որի մասին այնտեղ խոսում են»,- նրա խոսքն է մեջբերում BBC-ին։

Թրամփը նկատի ունի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։

Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում Թրամփին հարցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին։ Ըստ նրա` Պուտինը «ցանկացել է օգնել» Իրանի հետ հակամարտության կարգավորմանը, սակայն զրույցի հիմնական մասը վերաբերել է Ուկրաինայում պատերազմին։
«Մենք խոսում էինք Ուկրաինայի մասին, իսկ դա պարզապես երբեք չավարտվող պայքար է։ Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև հսկայական ատելություն կա, նրանք կարծես չեն կարողանում համատեղ գոյակցել։ Բայց, կարծում եմ, այդ հարցով զրույցը դրական էր»,- ասել է Թրամփը։

Թրամփը նշել է, որ Պուտինին ասել է, թե իր օգնությունը կլինի ավարտել պատերազմն Ուկրաինայում։ ԱՄՆ նախագահն իր ռուս պաշտոնակցի հետ զրույցը «լավ» է որակել։

Իրանում պատերազմի ավարտի մասին Թրամփի հայտարարությանը արձագանքել են Իրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշել է, որ իրենք կորոշենք, թե երբ կավարտվի պատերազմը։

Իրանցի զինվորականները նաև հայտարարել են, որ չեն թույլատրի տարածաշրջանից նույնիսկ մեկ լիտր նավթ արտահանվի, քանի դեռ Իսրայելն ու ԱՄՆ-ը շարունակում են ռմբակոծել Իրանը։

Իրանական IRNA գործակալության ուշադրությունը գրավել է Թրամփի մեկ այլ արտահայտություն։ ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում Հորմուզի նեղուցում կանգնած նավերին կոչ է արել վերականգնել նավագնացությունը։ Այստեղով է անցնում նավթի համաշխարհային պաշարների մոտ մեկ քառորդը։

Նավթի համաշխարհային գները 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել են մեկ բարելի համար 100 դոլարը։

Leave a Comment