Բաքուն մեղմացնում է հռետորաբանությունը Ալիև-Փեզեշքիան հեռախոսազրույցից հետո

Իրանի և Ադրբեջանի նախագահների երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո փոխվել է Բաքվի հռետորաբանությունը մարտի 5-ին Նախիջևանի ուղղությամբ արձանագրված անօդաչու սարքերի հարձակման վերաբերյալ։ Եթե սկզբում Ադրբեջանը միջադեպի համար մեղադրում էր Իրանին, ապա այժմ պաշտոնական հայտարարություններում շեշտվում է տեղի ունեցածի հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը։ Բաքուն վերացրել է նաև Իրան-Ադրբեջան սահմանային անցակետի սահմանափակումները, որ մտցրել էր այդ միջադեպից անմիջապես հետո։ Փորձագետները Բաքվի հռետորաբանության փոփոխության մի քանի պատճառ են տեսնում։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերստին նշել է, որ Նախիջևանի վրա հարձակման հետ Թեհրանը կապ չունի: Փեզեշքիանը վստահեցրել է, որ միջադեպը կհետաքննվի։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Փեզեշքիանը և Ալիևը մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի մշակման հեռանկարների վերաբերյալ։ Հեռախոսազրույցից հետո՝ մարտի 9-ի առավորյան, Ադրբեջանը վերացրել է իր տարածք մուտքի և ելքի սահմանափակումները իրանցի բեռնափոխադրողների համար։ Դրանք մտցվել էին մարտի 5-ին՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը շատ կոշտ ձևով մեղադրեց Իրանին Նախիջևանին հարվածելու համար։

Ադրբեջանի հռետորաբանության փոփոխությունը մի քանի պատճառներով են բացատրում փորձագետները։ Նախ՝ կա անձնական գործոն․ Փեզեշքիանը նկատելի համակրանք ունի Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանը նաև չի բացառում, որ Իրանի նախագահը Ալիևին այնպիսի ապացույցներ է ներկայացրել Նախիջևանում տեղի ունեցածին Իրանի մեղսակցության բացակայության մասին, որի դեմ ոչինչ չի ունեցել ասելու Ալիևը։ Դա նշանակություն է ունեցել, եթե հաշվի առնենք, որ 12-օրյա պատերազմի ժամանակ պարզվեց, որ Իսրայելը անօդաչու սարքեր է արտադրում Ադրբեջանում։ Բեգիջանյանը չի բացառում, որ իրանական կողմը հիմնավոր ապացույցներ ներկայացրած լինի, որ Նախիջևանում կատարվածը Իսրայելի սադրանքն է։

«Ապացույցներն են արժանահավատ եղել։ Եթե ապացույցները արժանահավատ են, չէր կարող չհավատալ»։

Բացի այդ, ըստ իրանագետի, ադրբեջանական հռետորաբանության վրա կարևոր ազդեցություն կարող էր ունենալ Թուրքիայի գործոնը, որը կողմ չէ Իրանի դեմ պատերազմում թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ներքաշվելուն։  Թուրքիան շահագրգիռ չէ այդ հարցում՝ վախենալով հատկապես քրդական գործոնի ակտիվացումից։

«Թուրքիան շատ լավ գիտի, որ Իսրայելը, արդեն 70 տարի է, օգտագործում և պաշտպանում է քրդերին։ Այսինքն՝ քրդերի հարցն ավելի խիստ է Թուրքիայի, քան Իրանի համար»։

Այդուհանդերձ, Բեգիջանյանը նկատում է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները շատ մեծ ելևէջներով են ընթանում, կարելի է ասել՝ ամենօրյա, նույնիսկ ամենժամյա պարբերականությամբ։ Մեծ է Իրանի անվստահությունը. Արցախի 44-օրյա պատերազմում Ադրբեջանին զգալի օգնություն ցուցաբերելուց հետո Իսրայելը փորձել է ամրապնդվել Իրանին սահմանակից տարածքներում։ Հենց դա սպառնալիք է համարում Իրանը. 

«Իրանը չի կարող Ադրբեջանին վստահել, երբ որ սահմանամերձ գոտում ակնհայտ է Իսրայելի ներկայությունը։ Այսինքն՝ Իսրայելը շատ մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա»։

Նախիջևանի վրա անօդաչուների խորհրդավոր հարձակումից հետո Բաքուն շտապեց մեղադրելու Իրանին հարձակման համար՝ դա անվանելով «ահաբեկչական ակտ» ու խոստանալով համարժեք պատասխան։ Թեհրանն անմիջապես էր հերքել իր մեղսակցությունը միջադեպին և հայտարարել էր, որ չի թիրախավորի հարևան պետությունները, եթե այնտեղից Իրանին սպառնալիք չլինի։

Իրանական կողմը նույնիսկ չէր բացառել, որ միջադեպը կարող էր լինել «կեղծ դրոշի» գործողություն՝ սադրանք Իսրայելից։ Իրանագետ Ժաննա Վարդանյանը նկատում է, որ Թեհրանի պաշտոնական տեսակետը հենց դա է.

«Իսրայելի դեպքում պարզ է, թե որն է Իսրայելի նպատակը։ Եթե սա իսկապես իսրայելական կողմի ձեռնարկած գործողություն էր, ըստ էության, նպատակը Իրանի դեմ նոր ճակատ բացելն է և այդ ճակատում այլ երկրներ ներգրավելը կամ, առնվազն, այդ երկրների հնարավորություններից օգտվելը»։

Ըստ իրանագետի՝ հարցերը բազմաթիվ են, եթե հաշվի առնենք նաև, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը միջադեպի հաջորդ օրը պնդել էր, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմակերպված մի շարք «ծրագրված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։ Սկզբնական շրջանում Ադրբեջանի արձագանքը շատ բուռն էր, և կար տպավորություն, որ Բաքուն առիթ էր փնտրում, սակայն թե ինչ նպատակով՝ հարցը բաց էր մնում։ Մինչդեռ նույնը չի կարելի ասել Իսրայելի պարագայում, հետևաբար իրանագետը կարծում է, որ Թել Ավիվի հետագա գործողությունների տրամաբանությունը հուշումներ կարող է տալ, թե իրականում որ տարբերակն է գործել Նախիջևանի դեպքում։  

Leave a Comment