
Մոջթաբա Խամենեիին Իրանի նոր առաջնորդ ընտրելու մասին խոսակցությունները տարածվել են մի քանի տարի առաջ: Մամուլում նույնիսկ կասկածներ են հայտնվել, որ 2024թ.-ին ուղղաթիռի աղետի զոհ դարձած նախագահ Էբրահիմ Ռայիսին «այդ պաշտոնում նրա գլխավոր մրացակիցն» էր: Իրանի երրորդ գերագույն հոգևոր առաջնորդի մասին վերջին օրերին խիստ ուշագրավ տեղեկություն է տարածվել: «Վիկիլեքսին» հղում անելով՝ մի շարք լրատվամիջոցներ «բացահայտել են, որ նա 2005-2008 թվականներին անպտուղությունից բուժում է ստացել Լոնդոնում, որտեղ նաև շքեղ անշարժ գույքեր է ձեռք բերել»: Արևմտյան աղբյուրները նկատել են, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում Մեծ Բրիտանիան «ընդգծված լոյալություն է ցուցաբերել՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջատար երկրների»:
Բարդ է կողմնորոշվել, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Լոնդոնում ինչ մակարդակի և որակի կապեր ունի և արդյոք Իրանի հարցում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մոտեցումները որքանով են «միմյանց հակասում»: Ուշագրավ է, որ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին գերագույն հոգևոր առաջնորդ ընտրելու մասին պաշտոնական տեղեկությունը տարածվել է Ֆրանսիայի և Ադրբեջանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցից հետո:
Փզեշքիան-Ալիև հեռախոսազրույցի հաջորդ օրը հայտնի է դարձել, որ Իրանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային տեղաշարժը վերականգնվում է: Ադրբեջանը նաև իր տարածքով օտարերկրյա դիվանագետների և քաղաքացիների տարհանում է իրականացնում: Արդյոք Նախիջևանի օդանավակայանի միջադեպը կապ ունի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ընտրության հետ: Հավանական է, որ Ադրբեջանին ձեռնտու է այդ պաշտոնում տեսնել Ալի Խամենեիի որդուն՝ որպես էթնիկ թուրքական արմատներ ունեցող գործչի:
Մոջթաբա Խամենիի հոգևոր առաջնորդ ընտրվելու առթիվ որևէ տեսակետ Վաշինգտոնից դեռևս չի հնչել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե նա շարունակի կոշտ գիծը, «երկար կյանք չի ունենա»: