«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Իրանն արդեն պաշտոնապես հայտարարեց նոր հոգևոր առաջնորդին, ԱՄՆ նախագահը հասցրել է իր դժգոհությունն արտահայտել այդ առնչությամբ: Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել նոր առաջնորդի նշանակումից հետո:
– Կոնկրետ ինչ-որ կանխատեսումներ անել դժվար է, բայց հաշվի առնելով Նահանգների դժգոհությունը, չենք կարող բացառել, որ նոր առաջնորդը ևս կարող է թիրախավորվել, ինչը շատ առանցքային կետ կարող է դառնալ: Նոր առաջնորդն իրականում հանրային ակտիվ գործունեությամբ շատ չի զբաղվել և առանձնապես հանրային դաշտում շատ տեսանելի չի եղել, բայց տարբեր իրադարձությունների հետ կապված նրա անունը հոլովվել է: Հիմնականում 2005-2009 թվականների նախագահական ընտրությունների ու Ահմադինեժադին աջակցելու համատեքստում, ընդհուպ 2009 թվականի ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ են նրան մեղադրել:
Այս առումով հատկանշական է, որ դեռևս 2000-ականների կեսերից խոսակցություններ կային, որ նա գերագույն առաջնորդի հաջորդ հավանական թեկնածուն է լինելու: Իհարկե հետագայում իրավիճակը փոխվեց, և առաջնային թեկնածուն համարվում էր Իբրահիմ Ռաիսին, բայց երբ նա զոհվեց, Մոջթաբա Խամենեիի թեկնածության հարցը նորից ակտիվորեն քննարկվեց: Հետևաբար նրա ընտրությունը անսպասելի չէր, ու այնպես չէր, որ նրա թեկնածությունը նոր էր որոշվել, նրա թեկնածության հարցը քննարկվել է շուրջ երկու տասնամյակ: Մյուս կողմից հաղորդում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ճնշմամբ է այս ընտրությունը կայացել, եթե դա իսկապես այդպես է, դա կարող է նշանակել, որ Իրանում առնվազն շարունակվելու է Ալի Խամենեիի գիծը, ու գուցե ավելի կոշտ գիծ որդեգրեն:
– Այսինքն՝ չե՞ք բացառում, որ ԱՄՆ-ն նորընտիր հոգևոր առաջնորդի հետ կանի նույնը, ինչ արեց Ալի Խամենեիի հետ:
– Այո՛, չեմ կարող բացառել, հաշվի առնելով ԱՄՆ նախագահի դժգոհությունը ոչ միայն առաջնորդի ընտրության մասին հայտնելուց հետո, այլև առհասարակ, երբ նրա անունը շրջանառվում էր որպես հավանական թեկնածու, այդ ժամանակ արդեն իսկ կային Թրամփից նախազգուշացումներ, որ իր համար նա ցանկալի թեկնածու չէ, բայց թե ինչ գործողությունների կդիմեն, ոչ ոք չի կարող ասել, բայց նախորդ սցենարի կրկնության հավանականությունը կա:
– Իրանում վստահաբար այս սցենարհ հաշվի առել են, չէ՞:
– Այո՛, գուցե նաև հենց դա էր պատճառը, որ ձգձգվում էր նոր առաջնորդի մասին հայտնելու գործընթացը, իհարկե կարող է այլ դրդապատճառ էլ լիներ, որ կուլիսներում չէին կարողանում համաձայնության գալ հնարավոր նոր առաջնորդի ընտրության հետ կապված, որովհետև եղել են այլ թեկնածուներ, և եղել են տարբեր քաղաքական կենտրոններ, որ փորձել են այլ թեկնածուների առաջ տանել: Փաստացի ավելի ուժային ու պահպանողական գծի ներկայացուցիչները կողմ են եղել Մոջթաբայի թեկնածությանը, հետևաբար վերջնարդյունքում հենց նա էլ ընտրվել է:
– Ներքին կայունության մասով ի՞նչ վիճակ է Իրանում, որովհետև նշվում է, որ Իսրայելի ու ԱՄՆ-ի նպատակներից մեկն էլ Իրանում ներքին անկայունություն հրահրելն է:
– Իհարկե դա նպատակներից մեկն է, ու ներքին անկայունություն չի նշանակում միայն ցույցերի ու բողոքի մեծ ալիքի առաջացում: Ներքին անկայունությանն է միտված նաև տարատեսակ տնտեսական ու էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը, օրինակ՝ Թեհրանում վերջին օրերին նավթային բազաների թիրախավորումը, դրանից հետո առաջացած մթնոլորտային օդի աղետալի հետևանքները, սրանք ևս զգալի մարտահրավերներ են առաջացնում իշխանությունների համար, հետևաբար այդ անկայունությանն է միտված նմանատիպ ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչու ոչ, ոստիկանության բաժինների թիրախավորումը: Այս առումով շատ բազմաշերտ են Իսրայելի ու ԱՄՆ-ի հարվածները և ուղղված են համակարգի հիմքերի թուլացմանը:
– Տիկի՛ն Վարդանյան, Իրանին՝ նոր հոգևոր առաջնորդ ունենալու կապակցությամբ արդեն իսկ շնորհավորել են Ռուսաստանի նախագահը, ինչպես նաև Հայաստանի վարչապետը: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի կողմից լռություն պահպանե՞լը սխալ կընկալվեր Իրանի կողմից:
– Իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների կողմից շնորհավորանքի բացակայությունը գուցե իրանական կողմում որոշակի դժգոհություն առաջացներ, քանի որ իրանական կողմն առնվազն պետք է ակնկալիք ունենար, որ հարևան երկրները պետք է շնորհավորեն գերագույն առաջնորդի ընտրությունը: Եվ այո՛, լռություն պահպանելը կընկալվեր բացասական լույսի ներքո, հիմնական ակնկալիքը, կարծում եմ, այն է, որ հարևան երկրներից, խոսքը միայն Հայաստանի մասին չէ, լինեն շնորհավորանքներ:
– Ադրբեջանի հետ լարվածությունը հարթվե՞ց:
– Որոշակիորեն հարթվում է, կարծես թե: Ադրբեջանում որոշ ուղղություններով թուլացրել են հռետորաբանությունը, օրինակ՝ փակել էին սահմանը ու բեռնափոխադրումներ թույլ չէին տալիս, դա վերացրել են, թռիչքներն են վերականգնել: Այս պահի դրությամբ կարծես թե լարվածությունը գնում է թուլացման:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am