«-46˚»՝ գարնանը․ ձմեռային մարզաձևերի սիրահարները վայելել են ձմեռն Ամասիայում

Շիրակի մարզի Ամասիա համայնքում կայացել է «-46˚» ձմեռային փառատոնը: Այն անցկացվում է չորրորդ անգամ և իր շուրջ էր համախմբել ձմեռային սպորտաձևերի ու էքստրիմի սիրահարներին հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից: Ձմեռային փառատոնը հավակնում է դառնալ Շիրակի մարզի այցեքարտերից մեկը: Այս ուղղությամբ կազմակերպիչները համագործակցում են պետական կառույցների ու տուրիստական ընկերությունների հետ:

Թեև օրացույցով գարնան իններորդ օրն է, բայց Հայաստանի ամենահյուսիսային համայնքում՝ Ամասիայում, ձյան շերտի բարձրությունը մոտ մեկուկես մետր է: Այստեղ  ձմեռները խստաշունչ են, տևում են  վեցից յոթ ամիս: Գարուն գրեթե չենք տեսնում՝ կեսկատակ, կեսլուրջ ասում են տեղացիները, որոնք արդեն հաշտվել են առատ ձյան ու սառնմանիքի պայմաններում ապրելուն:

« Էս ձմեռներն ինձ համար  նորություն չեն․ ես ավելի սաստիկ ձմեռներ են տեսել, որ դուրս էինք գալիս առավոտյան, դուռն արդեն փակ էր»

« Ձմեռը մեր համար սովորական է, քանի որ մենք այստեղ 5-6 ամիս ձմեռում ենք, ձյունառատ է: Վերջին տարիներին հիմնականում ձյուն շատ քիչ էր գալիս, բայց այս տարի աննախադեպ քանակությամբ ձյուն է եկել»

Հենց ձյան աննախադեպ քանակն էլ ձմեռային էքստրիմի սիրահարներին միավորել է Հայաստանի հյուսիսային բևեռում: Դահուկներ, ձյունագնացներ, սահնակներ… Սարալանջերի բնական թեքություններից սահելու և  գարնանը ձմռան շունչը զգալու համար են  Շիրակի և այլ մարզերի բնակիչները հասել Ամասիա:

«Գյումրիից ենք եկել, քաղաքի եռուզեռից փախել ենք ու եկել ենք գարնանը ձմեռը վայելելու»

«Առաջին անգամ եմ Ամասիայում։ Եկել ենք էս հրաշք մթնոլորտը բացահայտելու, որովհետև Գյումրիում ինչքան էլ ձյուն գա, էսքան չի լինի։ Հետաքրքիր էր նաև ձմեռային սպորտաձևերը տեսնել, փորձել ի վերջո կյանքում առաջին անգամ։ Մթնոլորտը շատ տրամադրող է»։

Ձմեռային փառատոնն անցկացվում էր համայնքի անտառապատ տարածքի հարևանությամբ: Շատերին զարմացրել ու հետաքրքրել է հենց գարնանը շատ ձյուն տեսնելու և մաքուր օդը վայելելու հնարավորությունը: Մարդկանց  բաց դաշտում  տաքացնում է հենց  ձյան վրա աթարով վառվող վառարանը, որի շուրջ հավաքվածներին  կազմակերպիչները տաք ըմպելիք ու ավանդական ուտեստներ են հյուրասիրում:

«Պետք է բոլորը մի քիչ Երևանից դուրս գան, գան տեսնեն, թե Հայաստանը ինչքան մեծ է, ինչքան տարբեր է, ինչքան հետաքրքիր զբաղմունքներ կան։ Չնայած ցուրտ ձմռանը՝ իմ ավագ ընկերներից մեկն ասում է՝ կարևորը դու քո ներքին կոմֆորտը ստեղծես, եթե դու քո կոմֆորտը ստեղծում ես, էս բնությունը միայն հաճույք է պատճառում»։

«Շիրակի մարզը միշտ կարողանում է զարմացնել, երբ Հայաստանի մեկ հատվածում կարող է արդեն գարուն լինել, Հայաստանի հյուսիսը կարող է տալ ձմեռային շունչ և ոգեշնչում»։

Խորհրդային տարիներին հենց հեռավոր Ամասիայի Պաղակն գյուղում է գրանցվել տարածաշրջանի ամենացուրտ եղանակը՝ -46 աստիճան: Երիտասարդների նախաձեռնությամբ այս ռեկորդը վերափոխվել է յուրօրինակ միջոցառման առիթի: Փառատոնի անվանումը բնորոշում է Ամասիայի ցրտաշունչ ձմեռը՝ ասում է «Հյուսիսային ուղի» ՏԱԽ-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Բացահայտել ենք, որ – 46-ը՝ Հայաստանի ամենացուրտ ջերմաստիճանը, գրանցվել է էստեղ։  Բացասականը դրականի ենք վերածել, որի արդյունքում էլ փառատոնը ստեղծվեց»

Չորորդ անգամ անցկացվող փառատոնի ձևաչափն ընդլայնվել է: Մասնակիցներն այս անգամ ոչ միայն  ձմեռային սպորտաձևերը, այլև երաժշտական բենդերի  ու արտիստների կենդանի կատարումները վայելելու հնարավորություն ունեին: Կազմակերպիչները համոզված են, որ ենթակառուցվածքների առկայության դեպքում հյուսիսային Ամասիան կարող է  դառնալ զբոսաշրջային պահանջված ուղղություններից մեկը, որտեղ տարվա բոլոր եղանակներին տեսնելու և բացահայտելու շատ բան կա:

Leave a Comment