Որքան երկարի Իրանի դեմ պատերազմը, այնքան մեծ են լինելու նաև համաշխարհային տնտեսության վնասները։ Նավթի գինը մարտի 9–ին հատել է 100 դոլարի շեմը։ Ֆոնդային տարբեր բորսաներ պարբերաբար փակվում ու բացվում են։ Իրանը Հայաստանի հարավային հարևանն է, նաև երկու երկրներից մեկը, որ ցամաքային բաց սահման ունի մեզ հետ։ Տնտեսական ի՞նչ հնարավոր ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքում պատերազմը Հայաստանի տնտեսության վրա։
Հայաստանն ունի ցամաքային երկու բաց սահման՝ դեպի Վրաստան ու դեպի Իրան։ Ընդ որում՝ Իրանը Հայաստանի առևտրային հիմնական գործընկերներից է, 2025–ի տվյալներով ՝ չորրորդը որպես այդպիսին, ՌԴ–ից, Չինաստանից և ԱՄԷ–ից հետո։ Անցյալ տարի դեպի Իրան արտահանումը նվազել է, Իրանից ներմուծումը, ընդհակառակը, ավելացել։ Վիճակագրական վերջին տվյալները վերաբերում են 2025–ին, երբ Հայաստանից Իրան արտահանման ծավալները կազմել են 88,2 մլն դոլար, այսինքն՝ 18,3 % անկում է արձանագրվել։ Փոխարենը 8 %-ով ավելացել է ներմուծումը՝ կազմելով շուրջ 680 մլն դոլար։ Իրավիճակը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում վերլուծում է Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը․
«Իրանից հակամարտության հետևանքով կարճաժամկետ հեռանկարում Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների ծավալների վրա կլինեն ազդեցություններ, մասնավորապես հեղուկ գազի, դիզելային վառելիքի, շինանյութերի, ինչպես նաև մի շարք այլ կենցաղային ապրանքների վրա, ընդ որում` Իրանից շինանյութի մատակարարման կրճատումը կարող է ազդել Հայաստանում շինանյութի գների վրա»։
Հայաստանից Իրան հիմնականում արտահանվում է էլեկտրաէներգիա, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչք, ծխախոտ, հանքահումքային արտադրանք․
«ՊԵԿ տվյալների համաձայն` 2025–ի առաջին կեսին Հայաստանից Իրան է արտահանվել 45 մլն դոլարի ապրանք, որի գրեթե 80 %–ը էլեկտրաէներգիան է։ Հայաստանը դեռևս 2006–ից Իրանի հետ իրականացնում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։ Այս պահին ծրագիրը բնականոն կերպով իրականացվում է, ինչը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար։ Հակամարտության հետևանքով հնարավոր են որոշակի սահմանափակումներ, սակայն դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա չի լինի շատ մեծ»։
Իրանից Հայաստան է ներկրվել 475,8 մլն մ3 գազ։ Սա 2025–ին Հայաստան ներկրված գազի ընդհանուր ծավալի 17,6 %-ն է կազմում։ Հայաստանը գազ ներկրում է հիմնականում ՌԴ–ից։ Ուստի կոնկրետ գազի ներկրման ծավալի կախվածություն Իրանից չկա։ Բայց Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ, եթե էլեկտրաէներգիա չարտահանի։ Բացի այդ՝ Հայաստանից ցամաքային ճանապարհով արտահանվող ապրանքների մոտ 22 %-ն անցնում է Իրանով․
«Եթե հակամարտությունը երկար շարունակվի, ապա Հայաստանի առևտրաշրջանառության համար որոշակի խնդիրներ կարող են լինել, մասնավորապես, գնաճային սպասումների տեսքով»։
Արդեն տասը տարուց ավելի է, ինչ կառուցվում է Իրան–Հայաստան բարձրավոլտ էներգագիծը։ Տարբեր գնահատականներով՝ դրա շահագործումը եռակիորեն կնպաստի էլեկտրաէներգիայի արտահանմանը։ Ավելի քան տասը տարի ձգձգվող շինարարության ավարտն այս պահին ցանկությունների դաշտում է, արված է աշխատանքի 85 %-ը՝ ասում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մենք հույս ունենք, որ 2026–ին գծի կառուցումը կավարտվի՝ մեծ հնարավորություն տալով ավելի մեծ ծավալով էլեկտարէներգիա արտահանելու ԻԻՀ։ Նաև առաջընթաց ունենք դեպի Վրաստան մրցույթի առումով։ Երեք լոտերից երկուսի մրցութային գործընթացը մեկնարկել է։ Վստահ եմ, որ 2026–ին կունենանք շինարարների հետ պայմանագիր։ Դրանք միջազգային մրցույթներ են․ մեծ հավանականություն կա, որ միջազգային ընկերությունների ներգրավմամբ կսկսենք այդ աշխատանքները»։
Իրանի դեմ պատերազմի ամենամեծ ռիսկերը տնտեսության ֆինանսական հատվածի համար են։ Ֆոնդային տարբեր բորսաներ պարբերաբար հայտարարում են շուկաները փակելու մասին։ Նման իրավիճակներում դա բնական է․ մեծ տատանումների և անգամ գնային շոկերի ժամանակ շուկաները չեն գործում։ Նպատակը խուճապ չստեղծելն է, գնային հանդարտություն ձևավորելը։ Ամեն ինչ ռիսկերից ու շոկերից է կախված լինելու՝ ասում է տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը․
«Հիմնական ազդեցությունները կարող են լինել էներգետիկ ռեսուրսների գնաճի, Իրանի հետ արտահանման կամ ներմուծման շղթաների խզման կամ, ընդհանրապես, ապրանքների լոգիստիկ շղթաների խզմամբ կամ դրանց փոփոխությամբ առաջացած գնաճի հետևանքով։ Նաև որոշակիորեն արդեն Իրանից որոշակի բնակչության՝ Հայաստան գալու կամ դրան վերաբերող որոշակի ռիսկերի առումով»։
Հայաստանը որոշ ապրանքներ է արտահանում նաև Պարսից ծոցի այլ երկրներ։ Ոսկի, ադամանդ, գյուղատնտեսական մթերք և այլն արտահանվում են Արաբական Միացյալ Էմիրություններ։ Բացի այդ՝ Իրանի տարածքով են Հայաստան հասնում Հարավարևելյան Ասիայի և աշխարհամասի այլ երկրներից ներկրվող բեռները։ Այդ առումով նույնպես կարող են խնդիրներ ծագել։ Այլ ուղիներով ներկրումը կարող է լինել ավելի ծախսատար և ժամանակատար։