Անգամ եթե ես ու Հակոբ Ասլանյանը Փաշինյանին ուղեկցենք «ԱԱԾ պադվալ», կլինեն մարդիկ, որ կասեն՝ «Նիկոլի պրոյեկտ են»․ Աղազարյան

«Մեր ձևով» շարժումը աշխատում է ընդդիմադիր դաշտի այն հատվածի վրա, որը կողմնորոշված չէ․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՄԱՍԿ-ի համահիմնադիր Հովիկ Աղազարյանը։

«Շատ քաղաքացիների գալու պարագայում «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի ձայներն այդ ձայների մեջ կլինեն փոքրամասնություն և կստեղծվի Գյումրիի հայտնի տարբերակը, ինչից շատ վախենում է այսօրվա իշխանությունը»,- ասել է Աղազարյանը՝ կանխատեսելով, որ «Մեր ձևով» շարժումը կարող է իշխանության գալ «Գյումրիի բանաձևով»։

«Նորից եմ այդ տեսակետը պնդում, որ կամ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը փոխանցում է Սամվել Կարապետյանին, կամ էլ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պահի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը դուրս է հանելու ընտրապայքարից»,- ասել է Աղազարյանը։

Նա նշել է, որ ինքն ու Հակոբ Ասլանյանը չեն մասնակցի ընտրություններին միայն այն դեպքում, երբ քաղաքական ճակատի բոլոր ուժերը միավորվեն, ընդհանուր ճակատ կազմեն և ունենան այն մտավախությունը, որ իրենք «Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն» են։

«Եթե գա այնպիսի պահ, որ քաղաքական ճակատը հասնի հաջողության, Ազգային ժողովի ընտրություններում ձևավորվի իշխանություն, և պարոն Ասլանյանին և ինձ վերապահվի բարձրագույն պատիվ՝ այսօրվա վարչապետին ուղեկցել դեպի ԱԱԾ-ի «պադվալ» այդ ժամանակ էլի կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ բա որ ասում էինք Նիկոլի պրոյեկտն են, չէիք հավատում, տեսա՞ք, իրենք տարան ԱԱԾ-ի պադվալ, ապահով տեղ, որպեսզի փրկեն ժողովրդի դատաստանից»,- ասել է նախկին ՔՊ-ական պատգամավորը։

Leave a Comment