Սուրենյան․ Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ օդային հոսանքներ

Սուրենյան․ Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ օդային հոսանքներ

7 մարտի 2026 – 14:27 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 7-ին և 8-ին Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ մարտ ամսվա համար կանխատեսվել է, որ օդի ջերմաստիճանը ամսական կլիմայական նորմայից ցածր է լինելու մոտ 1–2 աստիճանով։

«Ներկա պահին օդի ջերմաստիճանը բավականին ցածր է։ Մենք փետրվարին ունեինք ավելի բարձր ջերմային ֆոն, քան հիմա։ Ներթափանցած ցիկլոնի արդյունքում մարտի 7–ից 8–ը շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն կտեղա, հովտային գոտիներում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,–ասել է Սուրենյանը։

Ըստ կանխատեսումների, ցիկլոնն իր հետ կբերի նաև արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով մարտի 7-ից 8-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2–5 աստիճանով։ Մարտի 9-ին տեղումները աստիճանաբար դադարելու են, և եղանակը կսկսի պարզվել։

«Եղանակի պարզեցման արդյունքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4–6 աստիճանով, բայց ցերեկային ժամերին արեգակի առկայության պայմանավորված կունենանք ջերմաստիճանի որոշակի բարձրացում` 2–4 աստիճան»,–ասաց նա։

Սուրենյանի խոսքով՝ մարտի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հիմնականում գերակշռելու է առանց տեղումների եղանակը։ Սակայն առաջիկա տասը օրերի ընթացքում հանրապետությունում օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում ակնկալել պետք չէ։

Նա նշել է, որ ներկայիս կանխատեսումները դեռևս չեն ցույց տալիս տաք օդային հոսանքների ակտիվ ներթափանցում։

«Այս պահին, իհարկե, հնարավոր չէ հստակ ասել ջերմաստիճանը լուրջ կբարձրանա, թե ոչ, սակայն ըստ կանխատեսումների մարտի երկրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի լուրջ բարձրացում չի դիտվի»։

Սուրենյանը նաև հիշեցրել է, որ նախորդ տարի նույն օրերին ջերմաստիճանը զգալիորեն ավելի բարձր է եղել, իսկ տեղումներն՝ ավելի քիչ։

Leave a Comment