Իրանը կխուսափի հարևանների վրա հարձակումներից․ Փեզեշքիան – Armenia Today

Իրանի նախագահ Մահմուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի հարվածի հարևան երկրներին, եթե նրանք առաջինը չհարձակվեն, հաղորդում է Arab news-ը:

Փեզեշքիանը ներողություն է խնդրել տարածաշրջանի երկրների վրա Իրանի հարձակումների համար՝ հայտարարելով, որ Թեհրանը կդադարեցնի դրանք: Նա ենթադրել է, որ դրանք պայմանավորված են բանակի ներսում հաղորդակցման սխալներով:

«Ես պետք է ներողություն խնդրեմ իմ և Իրանի անունից այն հարևան երկրներից, որոնց վրա հարձակվել է Իրանը»,- հայտարարել է նա:

Իրանի նախագահը նշել է, որ երկրի ժամանակավոր ղեկավարության խորհուրդը հաստատել է հարևան պետությունների վրա հարձակումների դադարեցումը, եթե այդ երկրները հարձակումներ չսկսեն Իրանի դեմ։

Վերջին 24 ժամվա ընթացքում Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի վրա գիշերային հարվածներ են հասցվել Financial Harbour Towers առևտրային համալիրին, որտեղ գտնվում է Իսրայելի դեսպանատունը։

Իրանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան տանկերի վրա, հայտնել է ԻՀՊԿ-ն։ Իսրայելական բանակը նաև հարվածել է մոտ 200 թիրախի Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում, այդ թվում՝ Թեհրանում, Քերմանշահում, Ղոմում, Քարաջում, Թավրիզում, Բուշեհրում և Սպահանում։ Թել Ավիվի տվյալներով՝ ոչնչացված թիրախների թվում են բալիստիկ հրթիռների արձակման կայաններ, ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կենտրոններ։

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 8 օր։

Leave a Comment