9 մարտի 2026 – 10:43 AMT
PanARMENIAN.Net – Իրանի Փորձագետների խորհուրդը երկրի նոր հոգևոր առաջնորդ է ընտրել Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին: Որոշումն այդ մասին կայացվել է մարտի 8-ին, հայտնում է BBC-ն:
Մոջթաբա Խամենեին ծնվել է 1969 թվականին Իրանի Մեշհեդ քաղաքում, նա նախկին առաջնորդի երկրորդ զավակն է, ստացել է աստվածաբանական կրթություն և դասավանդել է Կում քաղաքում գործող կրոնական կենտրոնում։ Մինչ այժմ նա եղել է ստվերում, բարձր պաշտոններ չի զբաղեցրել, հրապարակային ելույթներ չի ունեցել, հարցազրույցներ չի տվել:
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) մարտի 8-ին իր X միկրոբլոգում կրկնել է իր խոստումը՝ հետապնդել յուրաքանչյուրին, ով կդառնա Ալի Խամենեիի իրավահաջորդը Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում, հայտնում է Deutsche Welle-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին Axios ամերիկյան առցանց պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դեմ է Իրանում Մոջթաբա Խամենեիի իշխանության գալուն և պատրաստ է անձամբ մասնակցել երկրի նոր առաջնորդի ընտրությանը։
«Նրանք զուր ժամանկ են վատնում: Խամենեիի որդին ոչնչություն է: Ես պետք է մասնակցել նշանակմանը, ինչպես Դեսլիի դեպքում (Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի Մադուրոյի առևանգումից հետո) Վենեսուելայում»,-ասել էր ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ասել էր, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը, եթե հաստատվի այդ պաշտոնում, «երկար չի դիմանա», եթե Թեհրանը նախ չստանա Սպիտակ տան ղեկավարի հավանությունը։
«Նա ստիպված կլինի ստանալ մեր հավանությունը: Եթե նա չստանա մեր հավանությունը, ապա երկար չի դիմանա։ Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ այս հարցին ստիպված չենք լինի վերադառնալ յուրաքանչյուր 10 տարին մեկ: Չեմ ցանկանում, որ հինգ տարի անց այս հարցին կրկին վերադառնան և ստիպված լինեն անել նույնը կամ, ինչն ավելի վատ է, թույլ տան նրանց (Իրանի իշխանություններին – խմբ.) ձեռք բերել միջուկային զենք», – ընդգծել է Թրամփը։
Թրամփը նաև նշել է, որ պատրաստ է հաստատել թեկնածուի, որը կապված կլինի Թեհրանի իշխանական համակարգի հետ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այս փուլում Իրանին համարում է «թղթե վագր», մինչդեռ, ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ երկիրը պատրաստվում էր «հարձակվել ամբողջ Մերձավոր Արևելքի վրա և գրավել ամբողջ Մերձավոր Արևելքը»։
Թրամփը նաև հաստատել է, որ չի բացառել հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի հարստացված ուրանի պաշարները վերահսկելու նպատակով։ Նրա խոսքով՝ բոլոր տարբերակները «սեղանին են»։
ԱՄՆ-ում և Իսրայելում համոզված են, որ Իրանի միջուկային վառելիքի հիմնական մասը գտնվում է ստորգետնյա թունելներում՝ Իսֆահանի օբյեկտներից մեկում, իսկ մյուս պաշարները բաշխված են Ֆորդոյի և Նաթանզի օբյեկտների թունելներում։ Պատերազմի առաջին օրերին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իսֆահանի և Ֆորդոյի ստորգետնյա թունելների մուտքերին՝ փորձելով փակել դրանք և կանխել այնտեղ պահվող միջուկային նյութերի դուրսբերումը։
«Տեսականորեն, եթե մենք ունենայինք ֆիզիկական վերահսկողություն այդ տարածքի նկատմամբ, եթե մենք ունենայինք ֆիզիկական վերահսկողություն այն վայրերի նկատմամբ, որտեղ այն գտնվում է, մենք կարող էինք այնտեղ ուղարկել մեր մարդկանց և տեղում այն նոսրացնել (մինչև անվտանգ մակարդակ – խմբ.)», – ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։
Այաթոլլա Ալի Խամենեին ղեկավարել է Իրանը 1989 թվականից։ Նա սպանվել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով փետրվարի 28-ին։ Իրանում երկրի հոգևոր առաջնորդը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը ցմահ, նշանակվում է Փորձագետների խորհրդի անդամների կողմից։ Այս պետական մարմինը կազմված է 88 անդամից, որոնք համարվում են իսլամական իրավունքի ոլորտի մասնագետներ։ Խորհուրդը ընտրվում է Իրանի քաղաքացիների կողմից յուրաքանչյուր ութ տարին մեկ։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Իրանը պատասխանել է դրոններով և հրթիռներով՝ հարվածներ հասցնելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի այն երկրներին, որոնք տարածաշրջանում համարվում են Վաշինգտոնի դաշնակիցներ։ Թեհրանը հայտարարել է, որ իր հարվածների թիրախ են եղել այդ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական բազաները։