Իրանը նոր գերագույն առաջնորդ է ընտրել Այաթոլլահ Ալի Խամենեիի մահից հետո: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Փորձագետների խորհրդի անդամի հայտարարությանը:
Նա նշել է, որ նոր առաջնորդի ազգանունը կմնա նույնը, ինչ հանգուցյալ առաջնորդինը:
«Ձայների մեծամասնությունն ընտրել է այն անձին, ով կշարունակի իմամ Խոմեյնիի և նահատակ իմամ Խամենեիի ուղին: Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի: Քվեարկություններն արդեն տրվել են, և որոշումը շուտով կհրապարակվի», – ասվում է տեսանյութում:
Որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին, որ մահացած հոգևոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, համարվում էր պաշտոնի ամենահավանական թեկնածուն։ Սակայն մարտի 7-ին տեղեկություններ հայտնվեցին, որ նա, հնարավոր է, վիրավորվել է Իրանում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ։
Շարունակվող հակամարտության պայմաններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել է, որ Իրանը կարող է դիմակայել ինտենսիվ ռազմական գործողությունների առնվազն կես տարի։
Նրա խոսքով՝ երկրի զինված ուժերի զինանոցը ներառում է ծանր, բալիստիկ և թևավոր հրթիռներ, տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր և հարձակողական նավեր, և այն պատրաստ է լայնածավալ և երկարատև պատերազմ սկսելու։
«Մտահոգության պատճառ չկա», – հայտարարել է Նաինին՝ հավելելով, որ Իրանը մտադիր է առաջիկա օրերին օգտագործել ավելի ժամանակակից հեռահար հրթիռներ, որոնք նախկինում հազվադեպ են օգտագործվել։
