Արդեն ավելի քան մեկ դար, ամեն տարի, մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր: Ամբողջ աշխարհում բազմաթիվ կառավարություններ ու կազմակերպություններ այս օրն ընդգծում են կանանց դերը և նրանց իրավունքները հասարակության մեջ: Պատմության ընթացքում կանանց ու աղջիկներին հաճախ չեն դիտարկել տղամարդկանց հավասար, և այսօր էլ շատ երկրներում կանայք շարունակում են բախվել սեռային խտրականության:
Կանանց միջազգային օրվա սկիզբը
Կանանց միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1911 թվականին: Այն ժամանակ սուֆրաժիստները պայքարում էին կանանց իրավունքների ընդլայնման, այդ թվում՝ ընտրական իրավունքի համար: ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես ճանաչել է որպես Կանանց միջազգային օր 1977 թվականին: Որոշ երկրներում, օրինակ՝ Հայաստանում, Չինաստանում, Ռուսաստանում և Ուգանդայում, այն հանդիսանում է պաշտոնական հանգստյան օր: Սակայն կանանց իրավունքների համար պայքարը սկսվել է շատ ավելի վաղ՝ դեռ 20-րդ դարի սկզբին, երբ սուֆրաժիստական շարժումը հասավ Մեծ Բրիտանիայում կանանց ընտրական իրավունքի տրամադրմանը:
Պայքար կանանց իրավունքների համար
Դեռևս հնագույն ժամանակներից կանայք բախվել են բազմաթիվ խտրական դրսևորումների: Հին Հռոմում տղամարդկանց կողմից ստեղծված օրենքները թույլ չէին տալիս կանանց մասնակցել հանրային կյանքին: Չինական կոնֆուցիական փիլիսոփայությունը նույնպես սահմանում էր կանանց ստորադաս դիրքը, ինչպես գրել է 3-րդ դարի գրող Ֆու Սյուանը. «Ինչ տխուր է լինել կին. աշխարհում ոչինչ այդքան էժան չէ»: Սեռերի հավասարության հարցում իրավիճակը սկսեց փոխվել միայն 19-րդ դարում, երբ փոքր, բայց խորհրդանշական շարժումները հանգեցրին մեծ փոփոխությունների:
Կանանց իրավունքների շարժման սկիզբը
Ամերիկացի ակտիվիստ Էլիզաբեթ Քեյդի Սթենթոնը 1848 թվականին Նյու Յորքում կազմակերպեց կանանց իրավունքների առաջին համաժողովը: Նա պահանջում էր օրենսդրական փոփոխություններ, որպեսզի կանայք հասարակության մեջ ունենան հավասար դիրք, ընտրական իրավունք, ինչպես նաև վերահսկողություն սեփական եկամուտների և ունեցվածքի նկատմամբ: 1869 թվականին ԱՄՆ-ում ստեղծվեց «Կանանց սուֆրաժիստական ազգային ասոցիացիան» (National Woman Suffrage Association), որը կենտրոնացած էր ընտրական իրավունքի ձեռքբերման վրա: Իսկ 1888 թվականին հիմնվեց «Կանանց միջազգային խորհուրդը» (International Council of Women), որի նպատակն էր առաջ մղել կանանց հավասարությունն ամբողջ աշխարհում:
Առաջին համաշխարհային պատերազմը և հիմնարար փոփոխությունները
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կանայք ստիպված էին ստանձնել տղամարդկանց թափուր թողած աշխատատեղերը: 1918 թվականի փետրվարի 6-ին Մեծ Բրիտանիայում ընդունվեց «Ժողովրդի ներկայացուցչության մասին» օրենքը (Representation of the People Act 1918), որը ճանաչեց կանանց դերը պատերազմի ժամանակ և առաջին անգամ նրանց տվեց քվեարկելու իրավունք: Այս օրենքը հսկայական քայլ էր հավասարության ճանապարհին և սկիզբ դրեց այն գործընթացներին, որոնք շարունակվում են մինչ օրս:
