Ինչու է Փաշինյանը պարբերաբար փորձում վատաբանել հայ հասարակությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տոնական ուղերձները վերջին տարիներին հաճախ ունենում են նույն կառուցվածքը․ որևէ հիշարժան օր կամ պետական տոն օգտագործվում է ոչ միայն շնորհավորանքի, այլ նաև հայ հասարակության մասին բացասական կամ նսեմացնող նկարագրություններ տալու համար։

Այս տարվա Մարտի 8-ի ուղերձը ևս բացառություն չէր։

Վարչապետն իր խոսքում խոսելով կանանց դերի և նրանց կրթական ձգտումների մասին՝ դրանք կապեց նաև այն մտքի հետ, որ Հայաստանում գոյություն ունեցող «քրեական ենթամշակույթը» ձևավորել է այնպիսի պատկերացումներ, ըստ որոնց կին լինելը թերություն է, իսկ տղամարդ լինելը՝ առավելություն։ Ըստ Փաշինյանի՝ հենց այս մտածողությունն է արգելակում տղաների կրթական ձգտումները, մինչդեռ աղջիկները շարունակում են ավելի կենտրոնացած լինել իրենց կրթության վրա։

«Կանայք հիմնականում չեն տրվում քրեական ենթամշակույթի ազդեցությանը, որի քայքայող նշանակությունը մեզանում գիտակցված չէ խորությամբ։ Այդ երեւույթի քայքայիչ ազդեցությունն է, որ խոչընդոտում է մեր տղաների առավել կրթամետ լինելուն, ինչը լրջագույն խնդիր է մեր իրականության մեջ: 

Կրթության նկատմամբ աղջիկների այս ուրախալի ձգտումը կապված է նաեւ մի ցավալի փաստի հետ․ քրեական ենթամշակույթի ազդեցությամբ ոմանք մտածում են, թե կին լինելն ինքնին թերություն է, իսկ տղամարդ լինելն ինքնին առավելություն (այս մտածողությունն արգելակում է տղաների կրթական ձգտումները)»,-ելույթում նշել է Փաշինյանը:։

Սակայն կրթության ոլորտի վերաբերյալ առկա հետազոտությունները ցույց են տալիս, որ աղջիկների և տղաների կրթական արդյունքների տարբերությունը միայն հայկական երևույթ չէ և միայն ենթամշակութային մեկ գործոնով չի կարող հիմնավորվել։ 

Տարբեր միջազգային ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ բազմաթիվ երկրներում աղջիկները դպրոցում միջինն ավելի բարձր արդյունքներ են գրանցում, իսկ տղաների մոտ ավելի բարձր է դպրոցից վաղ դուրս գալու հավանականությունը։ Այս միտումը նկատվում է նաև այն երկրներում, որտեղ «քրեական ենթամշակույթը» որպես սոցիալական երևույթ պարզապես գոյություն չունի։

Օրինակ՝ American Psychological Association-ը՝ ԱՄՆ-ում գործող հոգեբանության ոլորտի ամենամեծ գիտական և մասնագիտական կազմակերպությունը, որը միավորում է շուրջ 130․000 հետազոտողների, դասախոսների, կլինիկական մասնագետների և ուսանողների, իր ուսումնասիրություններում նշում է, որ աղջիկների և տղաների կրթական առաջադիմության տարբերությունները պայմանավորված են մի շարք ճանաչողական, վարքային և սոցիալական գործոններով։ Հետազոտությունների համաձայն՝ աղջիկները դպրոցական տարիքում միջինը ավելի զարգացած ինքնակարգավորման հմտություններ են ունենում, ավելի հեշտ են կենտրոնանում դասերի վրա և ավելի հետևողական են ուսման մեջ։ 

Բացի այդ, աղջիկները միջինը շաբաթական մոտ 5.5 ժամ են հատկացնում տնային աշխատանքներին, մինչդեռ տղաները՝ մոտ 4.5 ժամ։ Հետազոտողները նաև նշում են, որ աղջիկները հաճախ սովորում են նյութը հասկանալու նպատակով, իսկ տղաները ավելի հաճախ կենտրոնանում են կոնկրետ քննության կամ գնահատականի վրա։ 

Այս տվյալները ևս ցույց են տալիս, որ կրթական տարբերությունները բացատրել միայն «քրեական ենթամշակույթով» ոչ միայն չափազանց պարզունակ, այլ նաև ակնհայտորեն մակերեսային մոտեցում է։

Հայաստանում ևս կրթական տարբերությունները պայմանավորված են մի շարք սոցիալական և տնտեսական գործոններով՝ ընտանիքի սոցիալական վիճակով, աշխատաշուկայի կառուցվածքով, միգրացիայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ տղաների մի մասը ավելի վաղ է ներգրավվում աշխատանքի մեջ կամ հեռանում երկրից։

Այդ պատճառով կրթական տարբերությունները փորձել բացատրել միայն «քրեական ենթամշակույթով»՝ ոչ միայն չափազանց պարզեցված, այլ նաև բավական պրիմիտիվ մոտեցում է։

Թե ի՛նչն է դրդում վարչապետին ամեն անգամ նման մակերեսային վերլուծություններով հայ հասարակությունը ներկայացնել բացասական լույսի ներքո, այդպես էլ հանելուկ է մնում։

Մարի Ներսեսյան

MediaLab.am

Leave a Comment