Իրանի դեմ ռազմական արշավի առաջին շաբաթը ԱՄՆ-ի վրա արժեցել է մոտ 6 միլիարդ դոլար, հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով այն տեղեկատվությանը, որն ամերիկացի պաշտոնյաները տրամադրել են Կոնգրեսին:
Միևնույն ժամանակ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ակնկալում են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատերազմի համար լրացուցիչ ֆինանսավորում կհայցի: Մինչդեռ Իրանի իշխանությունները վստահ են, որ գործող վարչակարգը կկարողանա վերապրել հարվածների շարքը, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը ի վերջո կկորցնեն հետաքրքրությունը մարտական գործողությունների շարունակման հետ կապված, հայտնել է NYT-ն:
Իրանցի պաշտոնյաները լրագրողներին պատմել են, որ Իսլամական Հանրապետությունում ընտրել են ռազմավարություն, որի էությունը հակառակորդի համար պատերազմը չափազանց թանկ դարձնելն է: Այն ստացել է «Խենթը» (Operation Madman) կոդային անվանումը:
Ամերիկացի հրամանատարները կարծում են, որ առաջիկա մի քանի օրերը կլինեն առանցքային և կորոշեն՝ արդյոք Իրանը կկարողանա այսուհետ ևս հասցնել զգալի պատասխան հրթիռային հարվածներ, գրել է NYT-ն:
«Սա մրցավազք է», – ասել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) նախկին ղեկավար, գեներալ Քեննեթ Մաքքենզին:
NYT-ն նշել է, որ Թեհրանին հասցված հարվածը, որի հետևանքով սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, դարձել է պատերազմի առաջին շաբաթվա խճճված իրականության խորհրդանիշը:
Մի կողմից՝ ԱՄՆ-ն և Իսրայելը վարում են հյուծիչ օդային արշավ ճնշված հակառակորդի դեմ: Մյուս կողմից՝ քիչ են պատասխաններն այն հարցին, թե ինչպիսին կարող է լինել հաղթանակը: Իրանը շարունակում է դիմադրել և մարտական գործողությունները տարածել ողջ տարածաշրջանում, ընդգծված է հոդվածում:
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունը սկսել են փետրվարի 28-ին:
The Atlantic-ի լրագրող Նենսի Յուսեֆը, հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին, ավելի վաղ հայտնել էր, որ Պենտագոնը նախնական գնահատականներով արշավի արժեքը համարում է օրական 1 միլիարդ դոլար: Ընդ որում, Սպիտակ տունը ակնկալում է, որ պատերազմը կտևի չորսից վեց շաբաթ:
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 8 օր։
