Թեհրանն է պատասխանատու Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի վրա տեղի ունեցած հարձակման համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանն է պատասխանատու Իրանի հարավային Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի վրա տեղի ունեցած հարձակման համար, որի հետևանքով զոհվել է ավելի քան 170 մարդ։

Մարտի 8-ի գիշերը Air Force One ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են՝ ԱՄՆ-ն պատասխանատո՞ւ է արդյոք հարվածի համար։ «Ոչ, իմ կարծիքով, հիմնվելով իմ տեսածի վրա, դա արվել է Իրանի կողմից»,- պատասխանել էԹրամփը։

Միևնույն ժամանակ, Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը, որն ուղևորության ժամանակ ուղեկցել է Դոնալդ Թրամփին ուղղակիորեն չի հաստատել այդ գնահատականը։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները «հետաքննում» է միջադեպը։

Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցը փետրվարի 28-ի առավոտյան ոչնչացվել էր հրթիռային հարվածով։ Զոհվել է առնվազն 175 մարդ։ Մինաբի շրջանի դատախազը հայտարարել է, որ զոհերի մեծ մասը դպրոցի աշակերտներն են։

Մարտի 5-ին «Նյու Յորք Թայմս»-ը, որը վերլուծել է Planet Labs-ի արբանյակային լուսանկարները, հայտնել է, որ դպրոցի շենքը լուրջ վնաս է կրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից վերահսկվող մոտակա ռազմածովային բազայի վրա իրականացված հարվածների ժամանակ։

Մարտի 8-ի գիշերը Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև որ ինքը հետաքրքրված չէ Թեհրանի հետ բանակցություններով և ենթադրել է, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել, երբ Իսլամական Հանրապետությունը չունենա գործող բանակ կամ որևէ առաջնորդ։ Իրանի դեմ օդային հարվածները կարող են բանակցությունները դարձնել «ավելորդ», եթե ոչնչացվեն բոլոր պոտենցիալ առաջնորդները և երկրի բանակը, ընդգծել է նա։ «Կարծում եմ՝ որոշ պահի չի մնա ոչ ոք, ով կարող է ասել՝ «Մենք հանձնվում ենք»», — ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել Reuters-ը։

Նա նաև ասել է, որ Վաշինգտոնըմտադիր չէ քրդերին ներգրավել Իրանում ռազմական գործողության մեջ՝ հավելելով, որ քրդերը պատրաստ են միանալ պատերազմին, բայց նրանց փոխանցել է, որ ինքը դա չի ուզում։ «Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ ունի քրդերի հետ, բայց մենք չենք ուզում արդեն իսկ դժվար պատերազմն ավելի դժվար դարձնել», — պարզաբանել է Դոնալդ Թրամփը։

Leave a Comment