Շատ քաղաքացիներ հարկադիր կատարողի կողմից սկսված կատարողական վարույթի մասին իմանում են ուշ, երբ ժամկետներն արդեն անցել են կամ պարտքը մեծացել է։ Սակայն օրենքը հստակ սահմանում է, թե երբ է ծանուցումն օրինական առումով «ուժի մեջ» մտնում՝ անկախ նրանից, թե անձն այն փաստացի կարդացե՞լ է, թե՞ ոչ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 22–25-րդ հոդվածները հստակ սահմանում են ծանուցման կարգը և հետևանքները։
Ինչպե՞ս են ուղարկվում փաստաթղթերը
Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական վարույթի փաստաթղթերն ուղարկվում են խիստ հաջորդականությամբ, և յուրաքանչյուր հաջորդ եղանակ կիրառվում է միայն նախորդի կիրառման անհնարինության դեպքում.
- անձնական գրասենյակ հարթակով,
- էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով,
- էլեկտրոնային փոստով,
- փոստային առաքմամբ,
- հրապարակային ծանուցմամբ։
Այսինքն՝ թղթային փոստը այժմ ամբողջովին երկրորդային է դարձել. Ծառայությունն առաջին հերթին ձեր թվային կապուղիներն է օգտագործում։
Ե՞րբ է անձը համարվում պատշաճ ծանուցված
Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հասցեատերը համարվում է պատշաճ ծանուցված հետևյալ պահերից.
Եթե փաստաթուղթն ուղարկվել է անձնական գրասենյակ հարթակով, ապա անձը համարվում է ծանուցված այն հարթակում տեղադրվելուն հաջորդող օրվանից։
Եթե փաստաթուղթն ուղարկվել է էլեկտրոնային փոստով, ապա անձը համարվում է ծանուցված հաղորդագրությունն ուղարկվելուն հաջորդող օրվանից՝ պայմանով, որ առկա է այն ստանալու մասին ավտոմատ էլեկտրոնային հավաստում։ Ընդ որում, նշանակություն չունի՝ անձն այն փաստացի կարդացե՞լ է, թե՞ ոչ։
Եթե փաստաթուղթը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա անձը համարվում է ծանուցված տեղադրումից հետո հինգերորդ օրվանից։ Սա նշանակում է, որ եթե անգամ անձն ընդհանրապես չի այցելել այդ կայք և տեղյակ չի եղել ծանուցման մասին, օրենքի տեսանկյունից նա այնուամենայնիվ ծանուցված է համարվում հինգ օր անցնելուց հետո, և ժամկետներն սկսում են հոսել։
Ի՞նչ պարտականություն ունի քաղաքացին
Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթի մասնակիցները պարտավոր են հարկադիր կատարողին անհապաղ հայտնել իրենց հասցեի, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեի ցանկացած փոփոխության մասին։ Եթե անձն այդ մասին չի հայտնում, ապա փաստաթուղթը նրա վերջին հայտնի հասցեով ուղարկվելն ինքնըստինքյան պատշաճ հանձնված է համարվում՝ անկախ նրանից, թե փաստացի ստացե՞լ է, թե՞ ոչ։
Կարևոր է իմանալ
Ծառայության Անձնական գրասենյակ հարթակում գրանցվելը խիստ խորհուրդ է տրվում, քանի որ այնտեղ փաստաթուղթ տեղադրվելուն հաջորդ օրվանից արդեն ժամկետներն սկսում են հոսել, և ցանկացած բաց թողնված ժամկետ կարող է ֆինանսական բացասական հետևանքներ ունենալ։ Էլեկտրոնային փոստի արդի լինելն ու դրան կանոնավոր հետևելը նույնքան կարևոր է, քանի որ ծանուցումն ուղարկվելուն հաջորդ օրն արդեն ձեզ «հանձնված» է համարվում։ Հասցեի ցանկացած փոփոխության դեպքում հարկադիր կատարողին անհապաղ տեղեկացնելը ձեր ուղղակի օրինական պարտականությունն է. հակառակ դեպքում հին հասցեով կատարված ծանուցումն ուժի մեջ կմտնի, և դուք ժամկետ կբաց թողնեք՝ առանց այդ մասին իմացած լինելու։
Հիշեք՝ «չեմ իմացել, ծանուցում չեմ ստացել» փաստարկն օրենքով պաշտպանված չէ, եթե ծանուցումն ուղարկվել է ձեր հայտնի հասցեով կամ հրապարակային կայքում տեղադրվել է ավելի քան հինգ օր առաջ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅՆԸՍ» իրավաբանական ընկերությանը։