ԱԳՆ-ն փոխել է մոտեցումը․ պատերազմի հետևանքով նոր տոմսեր գնած ՀՀ քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով չեղարկված չվերթների պատճառով Հայաստան վերադառնալու համար նոր ավիատոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի փոխհատուցում։

«Այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխհատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով։ Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին»,– նշվում է ԱԳՆ հայտարարությունում։

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը այս մասում բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել: Միրզոյանը հայտնել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների և տարածաշրջանում լարվածության սրման պատճառով բազմաթիվ երկրներում փակվել են օդային տարածքները և չեղարկվել թռիչքները։

Նրա խոսքով՝ այդ պայմաններում Հայաստանը կազմակերպել է քաղաքացիների տեղափոխությունը Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Օման, որտեղից էլ իրականացվում են Երևան թռիչքները։

Միրզոյանը անդրադարձել էր նաև այն քննադատություններին, թե քաղաքացիները ստիպված են մինչև 1400 դոլար վճարել Օմանից Երևան հասնելու համար։

«Եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ զբոսաշրջային նպատակներով։ Կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ. մի մարդ, որը համարյա մեկ ամիս է՝ Շրի Լանկայում է ու ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է հրապարակել, նշանակում է վճարունակ է, չէ՞, կարող է տոմս գնել և վերադառնալ։ Մի փոքր արդար չէ պահանջը Կառավարության նկատմամբ՝ նաև այդ տոմսը գնել»,– ասել էր նախարարը։

Leave a Comment