Նախիջևանը Իրանի դեմ «ցամաքային հարձակման բացառիկ հարթակ է •

Ռուսաստանը խախտել է խորհրդապահական շուրջ յոթամսյա պայմանը և հրապարակայնացրել, ընդ որում՝ նախագահ Վլադիրմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մակարդակով, անցյալ տարի Ալյասկայում ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև «ձեռք բերված ընդհանուր ընկալումը»:

Պեսկովը մանրամասնությունների չի տրվել, ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության իրավա-պայմանագրային բացառմանը և այն տարածքների նկատմամբ ռուսաստանյան վերահսկողության ճանաչմանը, «որոնց բնակիչները հանրաքվեով ասել են, թե որտեղ և ինչպես են ցանկանում ապրել»:

Նույն օրը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱԳՆ-ում դեսպանների հավաքին ելույթում խոստովանել է, որ «Անքորիջի ոգին գոլորշիանում» է: Նա նկատի է ունեցել Պուտինի-Թրամփ «ընդհանուր ընկալման գոլորշիացումը»:

Մարտի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Վերջինս ՌԴ ԱԳՆ-ում կոորդինացնում է հետխորհրդային տարածքի կովկասյան ուղղությամբ դիվանագիտական ծրագրավորումները և առօրյա աշխատանքները: Ալիև-Օվերչուկ բանակցությունների մասին կողմերի տարածած տեղեկատվության «քնարական զեղումները» եթե հանենք, ապա գլխավոր արդյունքն այն է, որ Ադրբեջանը համաձայնել է շարունակել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի «զարգացման աշխատանքները»:

Ավելի վաղ, Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման նախօրեին հայտնի է դարձել, որ Իրանը վերջապես ձեռնամուխ է լինում Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցմանը: Ավելի ճիշտ, Թեհրանը տարիների ձգձգումից հետո համաձայնել է, որ ռուսաստանյան կազմակերպությունները սկսեն աշխատանքները:

Իրանական կողմը լուծել է ամենադժվար՝ հողի գնման, հարցը: Ըստ նախատեսվածի, Ռուսաստանը պետք է նաև հոգա ադրբեջանական Աստարա-իրանական Աստարա երկաթուղային «կցվանք» ստեղծելու ծախսերը, որից հետո հնարավոր կլինի Սանկտ Պետերբուրգից մինչև Պարսից ծոց անխոչընդոտ բեռնափոխադրումների իրականացնել:

Օվերչուկի Բաքու այցից և Ռուսաստանի ու Իրանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող պայմանավորվածությունից երեք օր անց՝ մարտի 5-ին, երբ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է «Անքորիջի ոգու գոլորշիանալու» մասին, Իրանի ԶՈՒ-ը «անօդաչու թռչող սարքերի միջոցով Նախիջևանի օդանավակայանը հարձակման են ենթարկել»:

Նույն օրը Ադրբեջանի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, ռազմական գերատեսչությանը և հատուկ ծառայություններին «պատասխան ռազմագործողություն պատրաստելու և իրականացնելու» կարգադրություն արել:

Ավելի ուշ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ լիովին փակել է Իրանի սահմանը: Արգելքը վերաբերում է նաև «տրանզիտային բեռնափոխադրումներին»: Ադրբեջանի տարածքով Իրանը տրանզիտային բեռնափոխադրումներ է իրականացնում միայն Ռուսաստանի հետ:

Այս համատեքստում Turan Union-ը գրել է, որ Նախիջևանի օդանավակայանի դեմ «անօդաչուների հարձակումը երրորդ կողմին բնորոշ սադրանք է, Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմին ներքաշելու փորձ»:

Վերլուծականի ռուսաստանցի հեղինակի կարծիքով, Նախիջևանը Իրանի դեմ «ցամաքային հարձակման բացառիկ հարթակ է, և Ադրբեջանը ենթարկվում է աշխարհաքաղաքական ահռելի ճնշման, որի նպատակը նրան աշխարհաքաղաքական սուբյեկտությունից զրկելն ու հակաիրանական պատերազմի պրոքսի-մասնակից դարձնելն» է:

Դժվար է վստահաբար ասել, որ Անքորիջի Պուտին-Թրամփ «ընդհանուր ընկալման մի բաղադրիչն էլ Հարավային Կովկասի մասին» է, բայց փաստ է, որ Ռուսաստան- ԱՄՆ գագաթաժողովը հաջորդել է Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը և Դոնալդ Թրամփի հետ քաղաքական հռչակագրի ստրագրմանը:

Այսօր, երևում է, Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության նախագծի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը խսիտ բացասական է: Պետք է, թերևս, նաև ընդգծել, որ իրանա-ադրբեջանական սրացումը տեղի է ունենում մի փուլում, երբ կողմերը հայտարարել են մոտ ապագայում շահագործման հանձնել Արաքսի վրայի կամուրջը, որ ավտոմոբիլային ավելի հարմար հաղորդակցություն պիտի ապահովեր Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

Leave a Comment