6 մարտի 2026 – 14:14 AMT
PanARMENIAN.Net – Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը 56 տարի անց ցուցադրվել է Հարավային Կորեայում և ցուցադրության առաջին շաբաթվա ընթացքում հայտնվել է երկրի կինովարձույթի լավագույն տասնյակում, հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
Կորեայում ֆիլմի ընդհանուր հավաքը կազմել է մոտ 160 հազար ԱՄՆ դոլար։
«Հայկական կինոյի այս բացառիկ ստեղծագործությունը շարունակում է նորովի բացահայտվել միջազգային մշակութային միջավայրում՝ ներգրավելով նոր լսարաններ և հաստատելով իր կայուն ներկայությունը համաշխարհային կինոարվեստում։ Բեռլինի կինոփառատոնում MK2 -ի մեր գործընկերները Հայաստանի կինոյի հիմնադրամին են նվիրել «Նռան գույնը» ֆիլմի կորեական կինովարձույթի համար պատրաստված պաստառը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ֆիլմը վերականգնվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, The Film Foundation World Cinema Project-ի և Fondazione Cineteca di Bologna-ի համագործակցությամբ։