ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում և վերադառնալ բանակցություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Ժամանակն է դադարեցնել մարտական գործողությունները և սկսել լուրջ դիվանագիտական բանակցություններ։ Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել», – մեջբերել է նա Գուտերեշի խոսքերը։ «Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»։
Իր հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հարվածները «հսկայական տառապանքներ և վնաս են պատճառում տարածաշրջանի խաղաղ բնակիչներին և լուրջ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար, մասնավորապես՝ ամենախոցելի խմբերի համար»։