6 մարտի 2026 – 17:31 AMT
PanARMENIAN.Net – Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է 6 ՀՀ քաղաքացի, դեսպանությունը նրանց հետ կապի մեջ է եղել։
«Մինչև տոմսերի այլընտրանքային տարբերակ գտնելը Ցուկուբա համալսարանի երկու ուսանողները համալսարանի կողմից ապահովվել են կացարանով։ Մարտի 6-ի առավոտյան Ճապոնիա-Ուզբեկստան-Վրաստան-Հայաստան և Ճապոնիա-Ուզբեկստան-Ղազախստան-Ռուսաստան ուղիներով նրանք մեկնել են Տոկիոյից։
Մյուս 4 անձը, որոնց թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երկու անդամներ, արդեն իսկ Երևանում են՝ վերադարձել են Ճապոնիա-Չինաստան-Ղազախստան-Վրաստան-Հայաստան չվերթով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: