
Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի հետ կապող Հորմուզի նեղուցի մոտ, որով տեղափոխվում է աշխարհում նավթի մեծ մասը, արդեն հազարի չափ առեւտրային նավ է կուտակվել, BBC-ին հայտնել է լոնդոնյան ապահովագրական ընկերությունների ասոցիացիայի՝ Lloyd’s Market Association-ի ներկայացուցիչը։
Ասոցիացիայի նավագնացության եւ ավիացիայի բաժնի ղեկավար Նիլ Ռոբերտսի խոսքով՝ այդ հազար նավերից մոտ կեսը նավթա- գազատարներ են։
«Նավերի մեծ մասը խարիսխ է գցել՝ հիմնականում նավերի ու դրանց անձնակազմերի անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով»,- պարզաբանել է Ռոբերտսը։
Նրա տվյալներով՝ կիրակի օրվանից Հորմուզի նեղուցով անցել է մոտ 40 նավ։ Վերլուծական Kpler ընկերության տվյալներով՝ պատերազմի պատճառով նեղուցով նավերի երթեւեկության ինտենսիվությունը նվազել է մոտ 90 տոկոսով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ամերիկյան նավատորմը կուղեկցի անցնող նավերին եւ հանձնարարել ԱՄՆ դաշնային կառույցներից մեկին՝ Միջազգային զարգացման ֆինանսական ընկերությանը Հորմուզի նեղուցով անցնող նավերն ապահովագրել «շատ ողջամիտ գնով»։