«Իրանի պատերազմի եւ Թրամփի ուղու միջեւ. Ադրբեջանն առաջ է մղում խաղաղությունն ու ուժային նոր առանցքը» վերնագրով «Բեռլիներ ցայթունգի»(«ԲՑ») մարտի 4-ի հրապարակումը առցանց տարբերակում մարտի 5-ին (երբ հայտնի դարձավ, որ Նախիջեւանի վրա երկու անօդաչուների հարվածից ավերածություններ կան, իսկ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ) արդիականացվել, բայց չի փոխվել հիմնական բովանդակությունը: Գերմանական հիշյալ լրատվամիջոցը Բաքվի տեսակետները շարադրելու առանձնաշնորհ ունի, մշտապես արձագանքում է Ալիեւի կազմակերպած մեդիահավաքներին, ենթադրաբար սնվում նաեւ խավիարով, ուստի թերթի աշխատակից Նիկոլաս Բութիլինի (Nicolas Butylin) հեղինակած հոդվածը Ադրբեջանի տեսակետի մատուցումն է՝ քաղաքական խորհրդակցությունների նպատակով Բեռլին ժամանած՝ Ալիեւի հատուկ հանձնարարություններով խորհրդական Էլչին Ամիրբեկովին խոնարհ պատրաստակամությամբ ականջալուր: Այլապես նրան գոնե մի քննադատական կամ սադրիչ հարց կուղղեր:
Հրապարակման առաջին հատվածում ներկայացվում է Իրանի հետ գրեթե 700 կմ սահման ունեցող Ադրբեջանի մարդասիրական կարեւոր դերը: Իրանից հեռանալ ցանկացող դիվանագետների եւ քաղաքացիների համար Ադրբեջանը տարհանման կենտրոն է դարձել, համագործակցում է ԵՄ կառույցների հետ, արժանացել է ԵՄ ԱԳ ներկայացուցիչ Կայա Կալլասի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոյի երախտագիտությանը: «Մինչ Թեհրանի վրա ծուխ է բարձրանում, եւ աշխարհը նյարդայնացած հետեւում է կրակի հետագա ընդլայնմանը, հարեւան Ադրբեջանում մտահոգությունն աճում է: Պատերազմի սրացումը անկայունություն կբերի մեր անմիջական հարեւանությանը», Ամիրբեկովի խոսքն է ներկայացնում «ԲՑ», որ խաղաղության անհրաժեշտությունը մեկնաբանում է «Ռուսաստանը եւ Իրանը շրջանցելու համար նախատեսված բազմամիլիարդանոց նախագիծը» իրականացնելու գերակայությամբ: «ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ լինի», ասում է Ամիրբեկովը, ընդգծում, թե հատկապես ուժեղ է իրենց համերաշխությունը արեւմտյան եւ հյուսիսային Իրանի էթնիկ ադրբեջանցիների հետ: «Հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղություն կլինի»: Ավելի քան 20 միլիոն բնակչությամբ ադրբեջանցիները կազմում են Իրանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը, իրազեկում է գերմանական թերթը:
«Թրամփի երթուղին՝ որպես աշխարհառազմավարական մեգանախագիծ» ենթավերնագրված հատվածում «ԲՑ»-ը ներկայացնում է Ամիրբեկովի՝ Թրամփի երթուղու բնութագրումը, թե ենթակառուցվածքային նախագծի հատվածը «մեծ մասամբ անկախ է Ռուսաստանից եւ Իրանից»: «Հիմա պետք է սկսենք աշխատել: ԳԴՀ-ն եւ ԵՄ-ն պետք է աշխույժ մասնակցեն: Ցայժմ նրանք բավականին զուսպ են եղել, նույնիսկ՝ պասիվ», Ամիրբեկովի խոսքն է փոխանցում «ԲՑ»-ն: Թրամփի երթուղին 43 կմ երկարությամբ միջանցք է հայ-իրանական սահմանի երկայնքով, գրում է վերոհիշյալ թերթը եւ ծանուցում, որ 2030-ականների սկիզբը համարվում է իրատեսական ժամանակացույց լիարժեք գործունակ երթուղու համար: Ադրբեջանի համար այս նախագիծը գերակա նշանակություն ունի ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական առումով: ԽՍՀՄ փլուզումից ի վեր ենթակառուցվածքային ամենամեծ նախագիծը կբազմազանեցնի առեւտրային հոսքերը, կգրավի նոր ներդրումներ եւ կամրապնդի Հարավային Կովկասի՝ որպես Ասիայի եւ Եվրոպայի միջեւ տարանցիկ հանգույցի դերը: Նույնիսկ Իրանի վրա հարձակումից առաջ պարզ էր, թե որքան կարեւոր կդառնան Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը աշխարհառազմավարական առումով: Թրամփի երթուղին կառուցվում է անմիջապես Իրանի սահմանին եւ ամբողջությամբ շրջանցում է Մոսկվան: Ամիրբեկովն ասում է ՝«Ցանկանում ենք եվրոպացիներին ներգրավել, օրինակ՝ Նախիջեւանի հատվածի կառուցման աշխատանքում»: «ԲՑ»-ի սույն հրապարակման եզրափակիչ հատվածն առնչվում է ՀՀ-ին եւ նրան ուղղված «խաղաղության» պահանջներին:
«Հույսը խաղաղություն ցանկացող Փաշինյանն է» ենթավերնագրի ներքո հոդվածագիրն անդրադառնում է «ՀՀ-ի ներքաղաքական լարված իրավիճակին»: «Ադրբեջանը ուշադիր հետեւում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Բաքուն հույսը դնում է գործող վարչապետ Փաշինյանի վրա, որը պաշտպանում է խաղաղության գործընթացը: Ընդդիմությունը կարող է խոչընդոտել առաջընթացին, իսկ Փաշինյանն անկեղծ հետաքրքրություն ունի այնպիսի Հայաստանի նկատմամբ, որը չեն վերահսկում սփյուռքը կամ հզոր եկեղեցին», ասում է Ամիրբեկովը, որ չի մոռանում ՀՀ նոր սահմանադրության մասին, այն պետք է համապատասխանեցվի խաղաղության նախաստորագրված համաձայնագրին՝ այն է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենա»: ՀՀ-ն ավելի ու ավելի է վերակողմնորոշում իր արտաքին քաղաքականությունը: Մոսկվայի հետ տասնամյակներ տեւած անվտանգության սերտ կապերից հետո Երեւանը ձգտում է Եվրոմիության եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության սերտացման, գրում է գերմանական թերթը՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարությանը մերձ աղբյուրների տեսակետը՝ «Ինքնուրույն որոշումներ կայացնող ինքնիշխան Հայաստանը կարող է ավելի կայուն գործընկեր լինել: Աշխարհաքաղաքական վերադասավորումը չպետք է հանգեցնի նոր բախումների, այլ՝ բարիդրացիական հարաբերությունների: «Հույս ունենք, որ ՀՀ-ն կճանաչի այս պատմական հնարավորությունը», ասում է Ամիրբեկովը: Ալիեւի խորհրդականը ԳԴՀ-ի հետ երկկողմ հարաբերությունները դրական է գնահատում, նշում, որ «Բեռլինը Հարավային Կովկասում ավելի ու ավելի կարեւոր դեր է խաղում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Գերմանիան կարող է նաեւ ավելի ակտիվ դեր ստանձնել ենթակառուցվածքային եւ ներդրումային նախագծերում: Սա վերաբերում է ոչ միայն Թրամփի ուղուն, այլեւ 2 տարի առաջ վերատիրացած Ղարաբաղի վերականգնմանը եւ ականազերծմանը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարը՝ «Բեռլիներ ցայթունգի»