ԱՄՆ-Իսրայել դաշինքն արդեն մի քանի օր իր հրթիռային հարվածներով եւ այլ գործողություններով մեծ հաշվով փորձում է կազմալուծել Իրանը որպես պետություն եւ տարածշրջանային գործոն, ինչ ձեւակերպումներ էլ որ ուղեկցվեն այդ հարվածներին` իրական նպատակը սա՛ է: Իսկ Իրանը, ի պատասխան հարվածելով Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին եւ բուն Իսրայելին` փորձում է նվազեցնել ամերիկյան ռազմական ներկայությունն իր շուրջը եւ թուլացնել Իսրայելին: Չի բացառվում, որ ի վերջո այս գործողությունների ծավալն ու ընդգրկումն ընդլայնվեն, շատ պայթյունավտանգ եւ անկախատեսելի իրավիճակ է ողջ տարածաշրջանի ու նաեւ մեզ համար, մանավանդ տեղեկություններ կան Թրամփի կողմից քրդական գործոնը եւս օգտագործելու մտադրության մասին:
Երեկ, օրինակ, Իրանից ԱԹՍ-ներով հարվածել են Նախիջեւանին, վնասվել է Նախիջեւանի միջազգային օդանավակայանը, տուժածներ եւս կային: Մինչ ադրբեջանական լրատվամիջոցներում քննարկվում էր Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը, Իրանի արտգործնախարար Քազեմ Ղարիբաբադինը հերքեց, թե Իրանը հարվածել է Նախիջեւանին: Բայց այդ հերքմանը Ալիեւը չի հավատում եւ պատասխան քայլեր է խոստանում:
Թե ինչ սադրանքի հոտ է գալիս այս բոլորից ` չգիտենք, բայց որ մեր հարավային սահմանի մոտ վտանգավոր իրավիճակ է` դա ստույգ է:
Առհասարակ` դժվար է կանխատեսել, թե ի վերջո մեր մյուս հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի համար պատերազմի բացվածքն ինչպես կփոխվի, Իսրայելի` ԱՄՆ-ից միջնորդավորված հավակնությունների ճանապարհին խոչընդոտ կդիտվի՞ նաեւ Թուրքիան, կամ ի վերջո Ադրբեջանի հանդեպ իրեն ինչպես կպահի Իրանը: Այս իմաստով լրացուցիչ խնդիրները Հայաստանի համար բացառել չենք կարող, դա կա, անկախ ներկայում արդեն առկա փախստականների, լոգիստիկ, մատակարարումների ընդհատման, էներգակիրների թանկացման եւ այլ խնդիրներից (անպայման «Ազգում» փնտրեք իրանյան թեմաներով Գրիգոր Առաքելյանի վերլուծությունները):
Շատ ցանկանալու դեպքում անգամ կարելի է Հայաստանի համար այս հակամարտության ազդեցության քաղաքական ենթատեքստի մասին եզրահանգումներ անել այն իմաստով, որ հակամարտության կողմերի` այս կամ այն առավելությունը կարող է նույնիսկ մեր ընտրությունների ելքի վրա ազդելու ներուժ ունենալ: Բայց սա ավելի ուշ կարելի է դիտարկել, երբ հակամարտության մեղմացում նկատվի, հիմա հակառակն է տեսանելի:
Իսկ առայժմ մենք նորից ու նորից մտնենք մեր քաղաքական դաշտ, որի առանձին սրացումները հատկապես դրսեւորվում են Աժ նիստերի ժամանակ: Ահա այս անգամ էլ «Հայաստան» եւ ՔՊ խմբակցությունների դիմակայությունն իր ապոգեյին հասավ ԱԺ նիստերի դահլիճում եւ միջանցքներում տրվող հարցազրւյցներում, ֆորմալ առումով առիթները Քննչական կոմիտեի` կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով հաշվետվությունն էր, կենսաթոշակների բարձրացման իշխանության քայլը եւ առողջության համընդհանուր ապահովագրության` այս տարի սկսված ծրագիրը: Վերջին երկուսն էլ խիստ քննադատվում էր ընդդիմության կողմից` առաջինը նախընտրական շահագրգռություն դիտվելով, երկրորդը` թերի եւ մինչեւ վերջ չկարգավորված եւ էլի նախընտրական ծրագիր անվանվելով: Առիթները կարեւոր չեն, քանի որ դրանցից սկսվելով` փոխադարձ մեղադրանքները հանգում էին ընդհանրական քաղաքական դիմակայության: Ընտրությունների՛ն է շատ քիչ ժամանակ մնացել, այդ է: Մյուս կողմից` դա նույնիսկ լավ էր, քանի որ Իրանի շուրջ իրավիճակը խորհրդարանում շատ չծամվեց` ավելորդ ձեւակերպումներից այս վտանգավոր պահերին խուսափել թույլ տալով, քանի որ ԱՄՆ-ի հետ համագործակցող Հայաստանի եւ բարեկամ Իրանի առումով թեման նուրբ ու երկսայրի է եւ պահանջում է դիվանագիտական առանձնահատուկ մոտեցում, ինչը չի կարելի ասել, որ գիտակցվում է բոլոր պատգամավորների կողմից , ու նաեւ` մեր լրագրողների, որոնք կարծես բոլոր ջանքերով փորձում են պաշտոնյաներից սուր պատասխաններ կորզել, թե բա` ինչու չեք ցավակցել եւ այլն, առանց մտահոգվելու Հայաստանի երկդիմի վիճակի մասին:
Ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ակամա բացահայտեց, թե Հայաստանը պետք է հեռու մնա ու չխառնվի կատարվողին, մեր մտահոգությունն էլ, որ այս իրավիճակը ԹՐԻՓՓ-ին կարող է խանգարել, նա զարմանալիորեն չէր կիսում: Մեր պաշտոնյաները, այդ թվում վարչապետը. բոլորը կրկնում էին վերջին տեսակետը, տարածաշրջանում պատերազմի ֆոնին` խոսում խաղաղության հաստատումից. երեւի կարծում են, որ մենք ակվարիումում ենք ապրում:
Այս շաբաթվա քաղաքական նորույթներից երկուսն էին ուշագրավ` որ ՀՀԿ-ն կրկին ուզում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ ու փողոց գեներացնել, չնայած չենք հավատում, որ այդ մասին լրագրողներին պատմող եւ մեր կարծիքով պրագմատիկ գործիչ Հայկ Մամիջանյանը հավատում է դրան, եւ` Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմանահրաշ այն պնդումը, որ ընդդիմությանը կարող է միավորել միայն Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը: Այս շեշտադրումը կար նաեւ ԱԺ նախագահի այն պնդման մեջ, թե Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված ուժերի միջեւ է լինելու հիմնականում խորհրդարանի ընդդիմադիր հատվածում առաջին կամ երկրորդը լինելու պայքարը: Ուշադրություն դարձրեք` այդ երկու մոտեցման մեջ էլ առկա է Ռոբերտ Քոչարյանին եւ նրա շուրջ համախմբված ուժերին դուրս մղելու ջանք, այն է`ընդդիմափոխություն կազմակերպելու միտում, որի մասին մենք գրել ենք շատ ավելի վաղ: Էլ չասած, որ Տեր-Պետրոսյանն, այդպիսով ՀԱԿ-ի համար կարող է ճանապարհ հարթել` մի երկու մանդատ ունենալու Սամվել Կարապետյանի դաշինքի շնորհիվ խորհրդարանում: Մենք զարմացած չենք, քաղաքականությունն առեւտուր է, այդպիսով, շահո՛վ, եւ ոչ թե գաղափարներով առաջնորդվելու: Էլ չասած, որ Տեր-Պետրոսյանի` Կարապետյանին պայմանագրերը չընդհատող գործիչ համարելը ռեւերանս է ռուսական կողմին: Ինչպես ասում են` ոչինչ նոր, ամեն ինչ հին է աշխարհի պես:
Բայց հիմա նախընտրական տրամաբանության մեջ բոլոր քայլերն անող մեր իշխանության եւ ընդդիմության տրամադրությունները ստորադաս են տարածաշրջանային զարգացումներին, պատերազմի կրակը կարող է տարածվել եւ ընդլայնվել` գրողի ծոցն ուղարկելով մերոնց կուսակցական շահերը եւ իշխանություն ունենալու ախորժակը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումերին հետեւեք հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ