
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշադիր հետևում է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին։ Նա այս մասին ասել է Reuters-ին տված հարցազրույցում։
«Ես ուշադիր հետևում եմ Հորմուզի նեղուցին», — հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա վստահություն է հայտնել, որ նեղուցը «կմնա բաց»։ Նաև հիշեցրել է, որ Իրանի նավատորմը ռազմական գործողության ընթացքում Պենտագոնի թիրախում է։
«Նրանք նավատորմ չունեն։ Իրանական նավատորմը այժմ ծովի հատակում է», — հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռազմական գործողության ընթացքում արդեն ոչնչացվել է ավելի քան 20 իրանական նավ։
Մարտի 3-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կուղեկցեն Հորմուզի նեղուցով անցնող լցանավերին։
Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհում արտահանվող նավթի շուրջ մեկ հինգերորդը և Չինաստան ներմուծվող նավթի առնվազն մեկ երրորդը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Մոհամմադ Ակբարզադեի խոսքով՝ նեղուցով անցնելու փորձ կատարող մոտ 10 նավթատար արդեն խոցվել է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով: