Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը մանրամասներ է պատմել UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ծագած աղմկահարույց կոնֆլիկտի մասին։
«Ես Արմանին երբեք այսքան զայրացած չէի տեսել։ Նրանից նման արտահայտություններ նույնպես չէի լսել. սա նրա համար չափազանց էմոցիոնալ և սկզբունքային դիմակայություն էր։ Ես ծեծկռտուքից 15-20 րոպե անց գրեցի նրան. «Արի քեզ համար ռևանշ կազմակերպենք նրա հետ»։ Նա անչափ ուրախացավ՝ ասելով. «Արի՛, հե՛նց նրա հետ։ Ցանկացած ճանապարհով կպայմանավորվենք, ես ուզում եմ խեղդել նրան»։ Նրանց միջև շատ մեծ ատելություն կա»,- Red Corner MMA-ին տված հարցազրույցում նշել է հայ պրոմոութերը։
Ծառուկյանը RAF լիգայի շրջանակում հաղթել էր Պուլասին, ինչից անմիջապես հետո բռունցքով մի քանի հարված էր հասցրել մրցակցին, սկսվել էր զանգվածային ծեծկռտուք։ Հետագայում տեղեկություններ տարածվեցին, որ Պուլասն ու Ծառուկյանը կարող են գրեփլինգի կանոններով ռևանշ-գոտեմարտ անցկացնել Hype լիգայի մրցաշարում, սակայն ի վերջո ամերիկացին հրաժարվեց մենամարտից։