Իրանի քրդերը կկռվե՞ն Իրանի դեմ․ փորձագետների կարծիքները տարբեր են

Իրանի քրդական զինված խմբերը վերջին օրերին քննարկումներ են անցկացրել ԱՄՆ-ի հետ՝ Իրանի արևմտյան հատվածում անվտանգության ուժերի դեմ հնարավոր հարձակումների վերաբերյալ՝ հայտնում է Reuters-ը։ Լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ Իրաքյան Քուրդիստանի այդ խմբերը պատրաստվում են հնարավոր գործողության, նպատակը՝ թուլացնել Իրանի իշխանություններին և հնարավորություն ստեղծել երկրի ընդդիմադիր ուժերի համար։

ԱՄՆ պաշտոնական կառույցները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն հայտնի է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ղեկավարների հետ։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Ռադիլուր»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ դա նշանակում է՝ Թրամփը նրանց հետ քննարկելու կարևոր հարցեր ունի․

«Հասկանում ենք, որ այդ կարևոր խոսակցությունը վերաբերելու է Իրանին և մասնավորապես քրդական զինված ստորաբաժանումներն Իրանի դեմ օգտագործելուն, և այս առնչությամբ նաև եղան բազմաթիվ տեղեկություններ, որոնք չեն էլ հերքվել։ Մասնավորապես որ Կենտրոնական հետախուզական վարչությունը նաև սպառազինություն է փորձում տրամադրել է թուրքական ջոկատներին։ Նաև տարբեր աղբյուրներ հրապարակել են այս ընթացքում, ընդհուպ նույնիսկ Իրանի դեմ պատերազմը դեռևս չսկսած, որ Իրանի հետ սահմանին, Իրաքյան Քուրդիստանի հատվածում կուտակվում են տարբեր զինված խմբավորումներ, որոնք օգտագործվելու են Իրանի դեմ հնարավոր ցամաքային գործողության համար»։

Ամերիկյան կողմի այն հայտարարությունը, թե մտադիր չեն Իրանի դեմ ցամաքային որևէ գործողություն անելու, դե յուրե վերաբերում է միայն ամերիկյան զինուժին, բայց քրդական ջոկատները կարող են ռազմական գործողությունների նոր ճակատ բացել ու դառնալ գործիք Իրանի դեմ՝ ասում է քաղաքագետը։  

«Այսօր եղավ տեղեկություն, և դա տարածեցին իրանական լրատվամիջոցները։ Իսկ եթե իրանական լրատվամիջոցը տարածում է տեղեկությունը, ապա առնվազն ունի պետական քաղաքականության հավանությունը, որ հարվածներ են հասցվել Իրաքյան Քուրդիստանում՝ Սուլեյմանի մոտակայքում այդ քրդական ջոկատների տեղակայման վայրերին։ Այսինքն՝ անկասկած է, որ այդ ջոկատները կան, դրանք Իրանի դեմ պատերազմից առաջ նաև համալրվել են, կուտակվել են, և կրկնեմ՝ այստեղ քրդական ջոկատների մասին է խոսքը, բայց, անկասկած, այդ փաթեթի ներքո կան պարզապես տարբեր ահաբեկիչ վարձկաններ, որոնք, մենք գիտենք, ցրված են այդ ռեգիոնում տասնյակ հազարներով»։

Իրանագետ Ժաննա Վարդանյանը «Ռադիլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ Իրանի, Թուրքիայի և Սիրիայի քրդերը մի շարք տարբերություններ ունեն, և դժվար է կանխատեսել՝ ովքեր կմիասնակցեն Իրանի դեմ հնարավոր  գործողություններին․

«Այս առումով հնարավոր է, որ միայն իրանցի քրդերի ակտիվացման մասին է խոսքը, բայց  դեռ պետք է սպասենք՝ հասկանալու, թե ինչ մասշտաբ է կրելու, որովհետև Իրանի քրդերի շրջանում երբևէ չեն եղել այն ձգտումները կամ անջատողականության բարձր մակարդակը, որ եղել են հարևան մյուս երկրների քրդաբնակ շրջաններում»։

Քրդական միավորումների հնարավոր ակտիվացումը կախված է լինելու այն հանգամանքից, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը ինչ կխոստանան ու ինչ աջակցություն ցույց կտան նրանց՝ կարծում է Ժաննա Վարդանյանը․

«Ըստ էության՝ նրանք նախկինում էլ որոշակի գործողություններ ձեռնարկել են Իրանի տարածքում, թեկուզ դիվերսաների տեսքով կամ փոքր ահաբեկչական գործողությունների տեսքով։ Իրենք գուցե շահագրգռված լինեն և այս իրավիճակում հնարավորություն տեսնեն իրենց բաղձալի երազանքներին հասնելու, այսինքն՝ հնարավորություն տեսնեն, որ ընդհուպ, օրինակ, կարող են ինքնավարության ինչ-որ ձգտումներ ունենալ, բայց այս ամենը շատ հեռահար նպատակների մասին է, և բարդ է պարզապես այս ընթացիկ իրավիճակից նման ենթադրություններ անելը և խոսելը նման՝ հեռուն գնացող պլանների մասին»։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի խոսքով՝ քրդերը քաղաքական իմաստով դժվար թե որևէ լուրջ հանգրվանի հասնեն պատերազմի միջոցով։

«Բայց դա, բնականաբար, Միացյալ Նահանգներին և Իսրայելին որևէ կերպ չի հետաքրքրում։ Ինչպես նշեցի, նրանց հետաքրքրում է Իրանի դեմ պայմանական իմաստով երկրորդ ճակատ ստանալը և իրանական կառավարման համակարգը լրացուցիչ ճակատով ծանրաբեռնելը, և այստեղ  քրդերը, կարծում եմ, կոպիտ թող չհնչի, բայց առավելագույնը հայտնվելու են պատերազմի մսացուի դերում»։

Քրդական գործոնը տարածաշրջանում առաջին անգամ չի օգտագործվում այս կամ այն պետության դեմ՝ հիշեցնում է Հակոբ Բադալյանը։ Նրանք նախ գործիք են եղել Թուրքիայի, ապա Սիրիայի դեմ պայքարում։ Ընդ որում, ընդգծում է քաղաքագետը, երկու դեպքում էլ վերջիններս ստացել են միայն խոստումներ ու հավաստիացումներ, որ կունենան ինքնավարություն ձևավորելու հնարավորություն։

Leave a Comment