Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են կիրառել Նախիջևանի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Գերատեսչության տվյալներով՝ տեխնիկական միջոցների միջոցով արձանագրվել է, որ Իրանի տարածքից արձակվել է չորս անօդաչու սարք։ Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները դրանցից մեկը խոցել են, իսկ մնացածները, ըստ Բաքվի, ուղղվել են քաղաքացիական օբյեկտների վրա։ Նշվում է, որ դրանցից մեկը թիրախավորել է ավագ դպրոցը ուսումնական ժամերին, սակայն չի հասել շենքին և պայթել է դրա հարակից տարածքում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չի ընդունում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի այն պնդումները, թե Թեհրանը հարգում է երկրների ինքնիշխանությունը և չի իրականացրել նման հարձակումներ Ադրբեջանի դեմ։ Բաքուն կոչ է արել դադարեցնել տեղի ունեցածի ժխտումը, ներողություն խնդրել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Դեպքի ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը՝ քննարկելով ստեղծված իրավիճակը։