Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբանը մեկնաբանել է դատարանի որոշումը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը, ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ «Տաշիր» գրուպի նախագահ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը մեկնաբանել է դատավորների տարբեր դիրքորոշումները՝ կապված Արշակ սրբազանի և Սամվել Կարապետյանի կալանքի հետ։


«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի»,- Facebook-ի իր էջում հայտնել է Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից։


Նրա խոսքով, որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնեն իրավունքի նկատմամբ «հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների վախերն անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումն անվիճելի»։


«Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար: Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ ծաղրը հենց այսպիսի տեսք է ունենում և սա տեսնում է մեր հանրությունը»,-գրել է նա։


Նա նշել է, որ Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի, պարզապես հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար՝ չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ։


Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին


Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվել 2025թ.-ի հունիսի 18-ից. նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեջ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կարապետյանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ միշտ եղել է Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, և եթե քաղաքական գործիչները հաջողության չհասնեն, ապա «մենք պատրաստ ենք մեր ձևով մասնակցել այդ ամենին»: Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց նաև տնտեսական բնույթի հանցագործություններ կատարելու համար (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափում և փողերի լվացում): Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքների բոլոր դրվագները։


2026թ.-ի հունվարի 17-ին «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր  Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք:

Leave a Comment