5 մարտի 2026 – 14:21 AMT
PanARMENIAN.Net – Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ վարչակազմը տեղեկություն չունի Իրանում աղջիկների դպրոցին հասցված հարվածի մասին, որի հետևանքով, հաղորդումների համաձայն, բազմաթիվ մարդիկ են զոհվել։ Նա հավելել է, որ տեղի ունեցածի հանգամանքների քննությամբ զբաղվում է Պենտագոնը։
«Մենք այդ մասին ոչինչ չգիտենք, և Պատերազմի նախարարությունն արդեն ուսումնասիրում է այս հարցը», – ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի հարձակման հենց առաջին օրը հարվածի տակ է հայտնվել Իրանի հարավում գտնվող «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ հարձակման հետևանքով, որի համար իշխանությունները մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին, զոհվել է առնվազն 171 աշակերտուհի։
Քերոլայն Լևիթը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է մասնակցել Իրանի դեմ իրականացված գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների աճյունների հայրենադարձման արարողությանը։
«Նախագահ Թրամփը մտադիր է ներկա գտնվել այս ամերիկացի հերոսների աճյունների հայրենադարձման արարողությանը՝ նրանց ընտանիքների հետ կիսելու վիշտը։ Որքան գիտեմ, Պատերազմի նախարարությունn այժմ աշխատում է հայրենադարձման ժամանակացույցի վրա», – ասել է նա:
Վերջին պաշտոնական տվյալներով՝ Իրանի դեմ գործողության ընթացքում զոհվել է 6 ամերիկացի զինծառայող։ Նրանք բոլորը զոհվել են Իրանի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Քուվեյթի Էշ-Շուայբա նավահանգստում գտնվող տակտիկական կենտրոնում։
Միևնույն ժամանակ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ հակամարտության ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 500 ամերիկացի զինվորական։
Ավելի վաղ Պենտագոնը հրապարակել է զոհված չորս զինծառայողների անունները․ 35-ամյա Քոդի Հորկը, 42-ամյա Նոա Տիթյենսեն, 39-ամյա Նիկոլ Ամորը և Դեկլան Քոադին, որը ընդամենը 20 տարեկան էր։
Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին և Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված հարձակման։ Այդ գործողությունների հետևանքով Իրանում արդեն մոտ հազար մարդ է զոհվել։ Ռազմական գործողության մեկնարկը Վաշինգտոնը և Թել Ավիվը բացատրել են կանխարգելիչ հարվածով և Թեհրանից եկող ենթադրյալ սպառնալիքով՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ։ Սակայն այժմ ԱՄՆ իշխանություններն արդեն չեն թաքցնում, որ կցանկանային տեսնել իշխանափոխություն Իրանում, իսկ Իսրայելը այդ նպատակի մասին բացահայտ է հայտարարել։