Անկորիջի ոգին վերանում է, սակայն դա այնտեղ կայացած բանակցությունների գլխավոր ձեռքբերումը չէ․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր այն վերլուծաբանները, ովքեր չեն մասնակցում այս փակ բանակցային գործընթացին, սկսում են զուգահեռներ անցկացնել և հարցեր տալ, ասում են, որ ավերվել է «Անքորիջի ոգին»։ Անքորիջում ոգին հեռու էր ամենագլխավորից: Ոգին մթնոլորտն էր, որն ընկերական էր, կառուցողական, բայց ոգին գոլորշիանում է։ Գլխավոր ձեռքբերումը ոչ թե ոգին է, այլ կոնկրետ ըմբռնումը, որ ձեռք է բերվել Թրամփի և նրա բանակցողների թիմի ներկայացրած առաջարկների հիման վրա»,- ասել Է Լավրովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած առաջարկները Ռուսաստանն ընդունել է։ Հենց դրանցում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ բանակցություններում «մեկնարկային կետը»։
Լավրովի խոսքով՝ Անքորիջի բանակցություններից ի վեր ուկրաինացիներն ու եվրոպացիները ջանքեր են գործադրել «վերաշարադրելու» Անքորիջի համաձայնագիրը, ինչը նկատվել է նաև Միացյալ Նահանգներում։
