Այո՛, Հայաստանն ընդունել է Հայաստանի՝ ԵՄ անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք։ Մենք, բարեբախտաբար թե դժբախտաբար, դեռևս ճանապարհի այն կետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի, այսօրվա ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ, առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել և չենք ունենալու ՌԴ-ի հետ հարաբերություններ վատացնելու, ՌԴ-ի շահերը վնասելու։ Մենք բացառապես առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերով»,- ասաց նա։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ռուսական կողմի հետ քննարկել են երկաթուղու կոնցեսիոն կառավարումն այլ երկրի փոխանցելու հարցը, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ ՌԴ գործընկերների հետ աշխատանքային մակարդակում քննարկումներ կան։
«Մենք հարցի վերաբերյալ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք։ Մեր ասածի մեջ որևէ բան, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը՝ ասելով, որ այս իրավիճակում Հայաստանն իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Ուրիշ որևէ մոտիվացիա չունենք։ Հույս ունեմ, որ կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։