Վանի թագավորության հագուստը. ավանդույթներ և խորհրդանիշներ․ «Հայագիտակ»

Մասնագետների և ընթերցողների դատին է հանձնվել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանի «Վանի թագավորության հագուստը» աշխատությունը, որը հեղինակի երկարամյա պրպտումների արդյունքն է։

Ուսումնասիրելով պահպանված բարձրաքանդակներն ու հնագիտական արտեֆակտերը՝ հեղինակը վերականգնում է Վանի թագավորության աշխարհիկ և հոգևոր վերնախավի ներկայացուցիչների կերպարը։ Պարզվում է, որ ժամանակի տարազն ունեցել է տունիկայի ձև՝ ուղիղ ձևվածքով և թևերի ու գլխի համար նախատեսված հատուկ կտրվածքներով։

Կանանց և տղամարդկանց հագուստները միմյանցից տարբերվել են հիմնականում զարդարանքի մանրամասներով և դրանց վրայի զարդանախշերով։ Օրինակ՝ տղամարդկանց գոտիները զարդարված են եղել զինվորների, որսորդների և քրմերի պատկերներով, մինչդեռ կանացի հագուստի դետալների վրա գերակշռել են կանանց պատկերները։ Ինչ վերաբերում է զարդերին, ապա գինդերը, օղերը, մատանիներն ու վզնոցները հավասարապես տարածված են եղել երկու սեռերի շրջանում։

Նույնն է եղել նաև կոշիկների պարագայում. և՛ կանայք, և՛ տղամարդիկ կրել են յուրօրինակ երկարաճիտ սանդալներ։ Որպես պարկեշտության նշան՝ ամուսնացած կանայք պարտադիր ծածկել են գլուխը։ Այսօր հայ մոդելավորողները, ներշնչվելով ազգային տարազի տարրերից, պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերեն։ Չափազանց կարևոր է խուսափել դարերի խորքից եկող և խորհրդանշական իմաստ կրող նույնիսկ ամենափոքր դետալի աղավաղումից կամ անտեղի ձևափոխումից։

Leave a Comment