Ու՞մ հարցումներն են իրական՝ Փաշինյանի՞նը, թե՞ Քոչարյանինը

Ո՞ւմ սոցհարցումներ են իրական՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի իրականացրածը:

Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը խորհրդարան չի անցնելու: Ավելին՝ Փաշինյանը նկարագրեց հունիսի 7-ի ընտրություններից հետո ձևավորվելիք նոր խորհրդարանի պատկերը, նշելով, թե Ազգային ժողովում կլինեն երկու ընդդիմադիր ուժեր, բայց ոչ Քոչարյանի առաջնորդած ուժը:

Այսօր արդեն Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը տեղեկացրեց՝ այս պնդումն արել է՝ հիմնվելով իրենց կողմից իրականացված հարցումների վրա:

Ե՞րբ են արվել այդ հարցումները, ինչպիսի՞ ընտրանքով՝ Փաշինյանը չմանրամասնեց, շեշտելով, որ դրանք հրապարակման ենթակա չեն, քանի որ այդ հարցումներն արվել են իրենց աշխատանքային նպատակների համար:

«Ես տիրապետում եմ հարցումների և ինֆորմացիայի և առանց դրա չէի կարող նման բան հայտարարել», – նշեց վարչապետը:

Երկրորդ նախագահի գրասենյակը, մինչդեռ, հակադարձում է՝ իրենց կողմից վերջերս իրականացված հարցումները տրամագծորեն հակառակ պատկերն են ցույց տալիս: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, թե հունիսի 7-ից հետո կերևա, թե ով էր ճիշտ ասում, իսկ ով՝ ստում:

«Մեր հարցումերը ցույց են տալիս տրամագծորեն հակառակը, մնացածը հունիսի 7-ից հետո կարելի է հարցնել Փաշինյանին՝ ինչո՞ւ էիք հերթական անգամ խաբում, այս դեպքում արդեն՝ ձեր թիմակցիներին», – հայտարարեց Միկոյանը

Ավելի վաղ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հարցումների մասին ակնարկել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, որ երկրորդ նախագահի թիմը հաջորդ խորհրդարան անցնելու խնդիր ունի:

Leave a Comment