Փոլադ․ Ուշադիր հետևում ենք Կարսով անցնող Զանգեզուրի միջանցքի հատվածում աշխատանքներին

Փոլադ․ Ուշադիր հետևում ենք Կարսով անցնող Զանգեզուրի միջանցքի հատվածում աշխատանքներին

5 մարտի 2026 – 12:39 AMT

PanARMENIAN.Net – Թուրքիայում ուշադիր հետևում են «Կարսով անցնող Զանգեզուրի միջանցքի հատվածում իրականացվող աշխատանքներին», հայտարարել է Կարսի նահանգապետ Զիա Փոլադը։

Նրա խոսքով՝ ինքը երկար տարիներ ցանկացել է տեսնել այս տրանսպորտային նախագծի իրականացումը, գրում է APA-ն:

«Զանգեզուրի միջանցքը կարևոր կամուրջի դեր է խաղալու՝ ամրապնդելով կապերը Կենտրոնական Ասիայի հետ։ Հուսով ենք, որ այս նախագիծը կիրականացվի մոտ ապագայում։ Ինչպես մեր սրտերը, այնպես էլ մեր ճանապարհները կմիավորվեն միմյանց հետ։ Երկու երկրների նախագահներն այս գործընթացին մեծ աջակցություն են ցուցաբերում և ակտիվորեն մասնակցում են։

Հայաստանի հետ սահմանին արդեն մի քանի անգամ հանդիպումներ են անցկացվել։ Գործընթացի հետ կապված բոլոր իրադարձությունները և ձեռնարկվող քայլերը իրականացվում են պաշտոնական Անկարայի վերահսկողության և համակարգման ներքո», — նշել է նահանգապետը։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։

Leave a Comment