Միացյալ Նահանգները մտադիր են Իրանի դեմ ռազմական գործողություններն իրականացնել առնվազն 100 օր

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Միացյալ Նահանգները մտադիր են Իրանի դեմ ռազմական գործողություններն իրականացնել առնվազն 100 օր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրել է Politico պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի ներքին փաստաթղթին:
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչները դիմել են Պենտագոնի ղեկավարությանը՝ խնդրելով լրացուցիչ ռազմական հետախույզներ գործուղել Տամպայի (Ֆլորիդա նահանգ) կենտրոնակայան «առնվազն 100 օր, իսկ հավանաբար՝ մինչև սեպտեմբեր ներառյալ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար»: Թերթը նշում է, որ այս հարցումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ ռազմական գործողությունն ընդդեմ իսլամական հանրապետության «կարող է տևել զգալիորեն ավելի երկար, քան նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սկզբնապես նշված չորսշաբաթյա ժամկետն էր»:
Բացի այդ, լրացուցիչ մասնագետների ներգրավումը, ըստ պարբերականի, փաստում է, որ ամերիկյան վարչակազմը «լիովին պատրաստ չէր հակամարտության հետևանքներին»: Politico –ի տվյալներով, այս թեզի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Պետքարտուղարությունը լրացուցիչ անձնակազմ է ուղարկում Աթենքում ԱՄՆ դեսպանատուն՝ հակամարտության պայմաններում ամերիկյան քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ռազմական գործողությունն ընդդեմ Իրանի: Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածելով Իսրայելի օբյեկտներին: Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ թիրախները Բահրեյնում, Հորդանանում, Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում: Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր: