ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում` Շրի Լանկայի ափերի մոտ, խոցել են իրանական ռազմանավ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, գրում է BBC-ին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տորպեդոյով հարվածել է իրանական նավին միջազգային ջրերում։ «Իրանական ռազմանավը կարծել է, թե անվտանգ է միջազգային ջրերում, սակայն այն խորտակվել է տորպեդային հարվածից»,-նշել է նա։
Հեգսեթն ընդգծել է, որ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկյան սուզանավը տորպեդոյով հարվածել է թշնամու նավի։
«Ինչպես այդ պատերազմում, մենք պայքարում ենք հաղթանակի համար»,-հավելել է նա։ Պաշտպանության նախարարը չի մանրամասնել, թե կոնկրետ որ նավի մասին է խոսքը, սակայն Շրի Լանկայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ Հնդկական օվկիանոսում խորտակվել է իրանական IRIS Dena ռազմանավը։
Նավի վրա եղել է մոտ 140–180 մարդ։ Շրի Լանկայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, օդային փոխմարշալ Սամպաթ Թույակոնետան BBC-ին հայտնել է, որ արդեն հայտնաբերվել են առնվազն 80 զոհերի մարմիններ, իսկ զոհերի թիվը հետագայում հասել է 87-ի։
Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկել են 32 մարդու։ ԱՄՆ երեք պաշտոնյաներ նույնպես հաստատել են «Reuters»-ին, որ հարվածը հասցվել է ամերիկյան սուզանավից։ Սակայն Շրի Լանկայի ռազմածովային ուժերի խոսնակ Բուդհիկա Սամպաթը նշել է, որ խորտակման պատճառը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։ Նրա խոսքով՝ նավը աղետի ազդանշան է ուղարկել չորեքշաբթի առավոտյան՝ Շրի Լանկայի հարավում գտնվող Գալլե քաղաքից մոտ 40 ծովային մղոն հեռավորության վրա։ Փրկարարական գործողությունների ընթացքում ջրում նկատվել են նավթի հետքեր և փրկարարական նավակներ։
IRIS Dena-ն Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի «Մաուջ» դասի ֆրեգատ է, որի ջրատարողությունը մոտ 1500 տոննա է, երկարությունը՝ 94 մետր, իսկ առավելագույն արագությունը՝ մոտ 30 հանգույց։