Սպանված Խամենեիին կարող է նրա որդին փոխարինել — Հայաստանի Հանրային Ռադիո

Սգո արարողությունը հետաձգվում է

Այսօր ուշ երեկոյան՝ Երևանի ժամանակով երեկոյան 22:30-ին Իրանում պետք է հրաժեշտ տային Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ, երկրի փաստացի ղեկավար, 86-ամյա այաթոլլահ Ալի Խամենեիին: Սակայն սգո արարողությունը հետաձգվել է, ամենայն հավանականությամբ, երկրի ղեկավարները հաշվի են առել անվտանգության հանգամանքը:

Այաթոլլահը սպանվել է անցած շաբաթ օրը, փետրվարի 28-ին, մայրաքաղաք Թեհրանում՝ իսրայելա-ամերիկյան համատեղ օդային հարվածի հետևանքով: Նրա հետ միասին սպանվել են դուստրը, հարսը, փեսան, 14 ամսական թոռնուհին, օրեր անց էլ հիվանդանոցում մահացել է փետրվարի 28-ին ծանր վիրավորում ստացած այաթոլլահի 79-ամյա կինը՝ Մանսուրե Բաղերզադեն:

Խամենեիի ծննդավայրը սպասում է սպանված զավակին

Եռօրյա սգո արարողությունը պետք է տեղի ունենար Թեհրանում Իմամ Խոմեյնիի անվան համալիրում: Այաթոլլահ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնին իսլամական հանրապետության հիմնադիրն է և առաջին գերագույն հոգևոր ղեկավարը:

Նա մահացել է 1989 թվականին, և նրան փոխարինել է հավատարիմ զինակից Ալի Խամենեին, որը հեղափոխությունից հետո նախագահի պաշտոնն է զբաղեցրել:

Ավիահարվածի զոհ դարձած գերագույն առաջնորդին հուղարկավորելու են պետական պատիվներով նրա ծննդավայրում՝ Իրանի մեծությամբ երկրորդ քաղաք Մաշհադում: Այստեղ անցած շաբաթ օրվանից բնակիչները սգում են առաջնորդի մահը:

«Ահաթոլլահը մեռավ, կեցցե՛ այաթոլլահը»

Ցանկացած իշխանության հիմքում անընդհատության սկզբունքն է: Խամենեիի սպանությունից հետո երկրի ղեկավարումը ժամանակավորապես ստանձնել է հատուկ խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեհին և այաթոլլահ Ալի Ռեզա Արաֆին:

Հիմա օրվա կարգախոսն է «այաթոլլահը մեռել է, կեցցե այաթոլահը»: Փորձագետների խորհուրդը պետք է նոր գերագույն առաջնորդ ընտրի:

Դեռևս չհաստատված տվյալներով, առավել հավանական թեկնածուներից է սպանված Խամենեիի 56-ամյա որդին՝ Մոջթաբա Խամենեին: Նրան, իբր, արդեն ընտրել են, սակայն պաշտոնապես այդ մասին չեն հայտնում, քանի որ, ըստ փորձագետների մի խմբի, լուրի հրապարակումը կնշանակի թիրախ դարձնել ապագա ղեկավարին:

Ամերիկացիների և իսրայելցիների հնարավոր արձագանքը

Եթե Մոջթաբա Խամենեին ընտրվի Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ, դա ԱՄՆ-ում և Իսրայելում կարող է այսպես ընթերցվել. «Ոչինչ չի փոխվել, իրական իշխանությունը ստանձնել է մոլեռանդ լիդեր, որի թիվ մեկ առաքելությունն է վրեժ լուծել հոր և մյուս հարազատների,  զինակիցների և բարձրաստիճան զինվորականների համար, չգնալ փոխզիջման և շարունակել կռիվը, ասել է թե՝ հավատարիմ մնալ «Մահ Ամերիկային, մահ Իսրայելին» կարգախոսին»:

Դավաճանների հետ խիստ են վարվելու

ԱՄՆ լրատվամիջոցներից The New York Times-ն է առաջինը գրել այն մասին, որ սպանված առաջնորդին կարող է նրա որդին փոխարինել: Պաշտոնական Թեհրանը դեռ հարցը չի մեկնաբանում, սակայն բարձրաստիճան ղեկավարները հպատակներին կոչ են անում չխաբվել և չհավատալ մոտալուտ իշխանափոխության և կրոնապետության տապալման մասին լուրերին:

Իրանի դատական համակարգի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեհեին նաև սպառնացել է, որ ամերիկա-իսրայելյան հարձակման ջատագովները կհամարվեն հայրենիքի դավաճաններ, դրանից բխող դաժան հետևանքներով:

«Եթե որևէ մեկը, խոսքով կամ գործով սատարի հանցագործ թշնամիներին՝ Միացյալ Նահանգներին և սիոնիստական ​​ռեժիմին, նա կհամարվի թշնամու աջակից։ Նրա հետ կվարվեն պատերազմի ժամանակ կիրառվող և իսլամական սկզբունքին համապատասխանող հեղափոխական օրենքով»,- ասել է Էջեհեին:

Ամերիկացիներն էլ են սպառնում վրեժ լուծել

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինուժը վրեժ կլուծի տարածաշրջանում Իրանի օդային գրոհներից սպանված ամերիկացիների համար: Փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ընթացքում, այսօրվա դրությամբ, զոհվել է առնվազն 1045 մարդ:

Leave a Comment