Կստեղծվի անհետ կորած անձանց միասնական ռեեստր․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը

«Անհետ կորածի մասին» օրենքի անհրաժեշտությունը քննարկվել է Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների օրոք։ Սակայն օրենքի նախագիծն այդպես էլ չի հասել կառավարություն ու օրենսդիր մարմին։ Այժմ արդեն խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ անգամ է քննարկվում «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։

Ըստ էության՝ առաջին անգամ պետությունը, այս օրինագծով, անհետ կորած անձանց և նրանց հարազատների բոլոր խնդիրները՝ իրավականից մինչև սոցիալ-հոգեբանական, ու դրանց լուծման տարբերակները ի մի են բերվել է մեկ փաստաթղթում։ Մինչև այժմ այդ հարցերը կարգավորվում էին ենթաօրենսդրական առանձին ակտերով, կառավարության որոշումներով։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ օրենքը հստակեցնում է, թե ով կարող է կոչվել անհետ կորած, ինչ իրավունքներ ունեն նրանց հարազատներն ու իրավահաջորդները, և ինչ պարտականություններ ունի պետությունը․

«Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Սահմանվելու են անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը, որոնք շատ դեպքերում բխում են այս պահին գործող օրենսդրական կարգավորումներից»։

Մասնավորապես՝ օրենքում սահմանվում է, որ լիազոր մարմինը՝ ԱԱԾ-ն, պետք է հարցումներ ուղարկի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկությունների։ Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո այդ մարմինները պետք է 15-օրյա պարբերականությամբ տվյալներ ներկայացնեն լիազոր մարմնին։ Ըստ օրենքի՝ անհետ կորած համարվող անձի հետախուզումը դադարեցվում է նրա գտնվելու վայրը, հուղարկավորման վայրը կամ անձի մարմնի մասունքների վայրը պարզելու պահից 3 օրվա ընթացքում։ Կարևոր է սակայն, որ անհետ կորած անձի` դատարանի վճռով՝ մահացած ճանաչվելու, բայց նրա մարմինը չհայտնաբերված լինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանին հետաքրքրում է՝ արդյոք գործադիրն ունի անհետ կորածների վիճակագրական տվյալները․

«Որքա՞ն են կազմում այդ մարդիկ․ ցանկ կա՞։ Ի վերջո, տարբեր թվեր են հնչեցնում, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ 240 անհետ կորած կա, միգուցե փոփոխություններ կան»։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան․

«Ըստ պաշտոնական տվյալների՝ անհետ կորած 195 անձ ունենք, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ։ Ինչ վերաբերում է նույնականացված դիակներին, եթե չեմ սխալվում, վերջին տվյալներով՝ 75-ից 80 դիակի մասին է խոսքը, որոնք ընտանիքները չեն ընդունել»։

Խորհրդարանական ընդդիմությունը թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցման ժամանակ կողմ քվեարկեց օրենքի նախագծին։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անցած շաբաթ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, ընդգծել էր, որ օրենքի մշակման փուլում քննարկումներ են եղել անհետ կորածների հարազատների հետ․

«Սա բավական զգայական թեմա է՝ բացի նրանից, որ պետք է որոշակի ինստիտուցիոնալ տեսք ստանար, նաև զգայականորեն բավական մեծ էլեմենտներ էր պարունակում։ Ընդհանուր մոտեցումը՝ տարբեր խմբերի, եղել է այն, որ չեղած օրենքի պայմաններում սա գոնե լուծում է։ Չասեմ, թե բոլորը գոհ են եղել կամ համարել են, որ իրենց պատկերացումները արտացոլված են եղել ամբողջությամբ սրա մեջ, բայց սա համարվել է, որ 1-2 քայլ առաջ է, և նաև սրանով պայմանավորված է, որ մեր խմբակցությունը ևս կողմ է քվեարկել այս նախագծին»։

Պատգամավորը, սակայն, կարծում է, որ անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու նրանց ճակատագիրը պարզելը ոչ թե իրավական, այլ քաղաքական հարց է․

«Սրանք ավելի շատ քաղաքական լուծումներ ունեն և Հայաստանի օրենսդրական սահմանումներով չեն լուծվում։ Երբ ես խոսում եմ Հայաստան-Ադրբեջան օրակարգի առաջնահերթություններից կամ դրանց հրատապության մասին, հենց նաև սա նկատի ունեմ, որովհետև մեզ համար շատ կարևոր քայլ պետք է դառնա» ։

Օրենքը հստակեցնում է անհետ կորած անձանց ընտանիքի անդամների սոցիալ- հոգեբանական աջակցության մեխանիզմները։ Մասնավորապես՝ նրանք օգտվելու են հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, ստանալու են կրթաթոշակ և բուժհաստատություններում սպասարկվելու են անվճար։ 

Օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Leave a Comment