Լուրերը մեկ տողով. Թուրքիան սպառնում է. հրթիռներ, անօդաչուներ և մեծ բախման վտանգ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Թուրքիան հայտարարել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի ուղղությամբ շարժվող բալիստիկ հրթիռը խոցվել է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերով։ 

• Անկարան նշել է, որ պատրաստ է պատասխանել ցանկացած թշնամական գործողության։

• Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են իրանական հարձակումների նոր ալիքի մասին՝ նշելով, որ որսացել են 121 անօդաչու թռչող սարք և 3 բալիստիկ հրթիռ։ Եվս 8 անօդաչու սարք ընկել է երկրի տարածքում։

• Կատարը հայտնել է, որ խոցել է 10 իրանական անօդաչու թռչող սարք և 2 թևավոր հրթիռ։ Քուվեյթը նույնպես հայտարարել է, որ հակազդում է նոր հրթիռային և անօդաչու հարձակումներին։

• ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են հարվածներ հասցնել Իրանի տարածքին՝ դրանք ներկայացնելով որպես կանխարգելիչ գործողություններ։ Իրանը հերքում է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին ու տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմակայաններին։

• Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1045-ի։ Զոհերի թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորականներ։

• Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Մի շարք մարզերում գրանցվում է թույլ ձյուն։

• Ազգային ժողովում կառավարություն–պատգամավորներ հարցուպատասխանին այս անգամ հերթագրվել է 35 պատգամավոր, և ընդդիմությունը նույնպես մասնակցում է նիստին։

• Իրանից տեղեկացրել են, որ երկրում բնակվող հայ համայնքում մարդկային կորուստներ չկան։ Քննարկվում են տարածաշրջանում հայ համայնքներին աջակցելու քայլերը։

• Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ և հայտնել եվրոպական համերաշխություն։ Դա կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսպանիայի նկատմամբ տնտեսական ճնշումների սպառնալիքների հետ։

• Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Իսպանիայի հետ առևտրի դադարեցումը Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում Մադրիդի դիրքորոշման պատճառով։ Իսպանիայի վարչապետը վերահաստատել է իր կառավարության դիրքորոշումը՝ «ոչ պատերազմին»։

• Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ։ Նա Իրանին կոչ է արել խուսափել հակամարտության ընդլայնումից։

• ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արարատ Միրզոյանի նամակի արտահոսքը՝ նշելով, որ դրա տարածմանը մասնակցել են արևմտյան կառույցների հետ կապ ունեցող լրատվական հարթակներ։ Նա նաև նշել է, որ իրավիճակին արագ արձագանք է տրվել։

Leave a Comment