«ԳՊՄ Գոլդ»-ը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը վերամշակելու և նոր բջիջ կառուցելու ծրագիր ունի․ «Էկոսֆերա»

«ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ն ցանկանում է վերամշակել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերը և այդ նպատակով նախատեսում է պոչամբարի նոր բջիջ կառուցել։ Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ՝ պոչամբարի վերամշակման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կլինի նվազագույն, իսկ կուտակված պոչերի ծավալները կկրճատվեն։

Նոր բջջի կառուցումը նախատեսվում է հենց պոչամբարի տարածքում: Պոչերից ազատված հատվածն ընդհանուր տարածքից պետք է առանձնացվի արդեն իսկ վերամշակված պոչերով, որտեղ հետագայում կլցվեն վերամշակումից հետո առաջացած նոր թափոնները։

Քննարկման ընթացքում Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը նշեց, որ ԽՍՀՄ տարիներին վերամշակված հանքաքարում ոսկու պարունակությունը շատ ավելի մեծ է եղել, սակայն հին տեխնոլոգիաներով հնարավոր չի եղել կորզել ամբողջ պաշարը։

«Խորհրդային Միության ժամանակ, երբ գործարանը կառուցվել և շահագործվել է, հումքը միայն Սոտքի հանքավայրից չի բերվել, այլ նաև Ղազախստանից ու Ուզբեկստանից։ Այն ժամանակվա տեխնոլոգիաները թույլ չեն տվել լիարժեք վերամշակում, և արտադրական պրոցեսների ժամանակ թափոնների հետ որոշակի քանակությամբ ոսկի է գնացել ու կուտակվել պոչամբարում։ Հիմա Սոտքի հանքավայրն այլևս բաց եղանակով շահագործելու հնարավորություն չկա, իսկ փակ եղանակը չի կարող ապահովել այնքան հանքաքար, որպեսզի գործարանը տարեկան 700,000 տոննա վերամշակի։ Սա առաջացնում է ոչ լիարժեք գրաֆիկով աշխատանք. գործարանը ստիպված կլինի մեկ շաբաթ աշխատել, երեք շաբաթ կանգնել, ինչը պարապուրդի կհանգեցնի։ Սա է պատճառը, որ տնօրինությունը որոշել է վերամշակել պոչամբարը։ Այսօրվա սարքավորումները թույլ են տալիս շահագործել եղած պարունակությունը՝ ապահովելով գործարանի անհրաժեշտ ծանրաբեռնվածությունը»,- ասում է համայնքի ղեկավարը։

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման վերաբերյալ հարցը կքննարկվի նաև մարտի 13-ի ավագանու նիստում։

Leave a Comment