Քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովը մարտի 4-ի հերթական նիստում քննարկել է  Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ընտրվելու համար խմբակցությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վանիկ Օհանյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունը՝ այստեղ:

Ելույթ ունենալով՝ Վանիկ Օհանյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին այդ բարձր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար եւ նշել. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ առաջադրումը ես ընկալում եմ որպես մեծ պատասխանատվություն մեր երկրի առողջապահական համակարգի կայուն զարգացման, յուրաքանչյուր քաղաքացու առողջության պաշտպանության եւ ոլորտի ամրապնդման համար»:

Թեկնածուն անդրադարձել է ոլորտի խնդիրներին եւ անելիքներին՝ ուղղված առողջապահության համակարգի զարգացման իր պատկերացումներին, ներկայում իրականացվող գործընթացներին: «Ուզում եմ  շեշտել, որ համակարգի ներդրումը հստակ քաղաքական կամքի թելադրանք է, ոչ թե կարգախոս, որը նաեւ եղել է մեր նախընտրական ծրագրի առաջնային, կարեւորագույն եւ հայեցակարգային  կետերից մեկը»,- ընդգծել է թեկնածուն: Նրա խոսքով այսօր անհրաժեշտ չէ, որ քաղաքացին վաճառի իր ամբողջ գույքը՝ բուժում ստանալու համար, քանի որ պետությունը կանգնած է նրա կողքին:

Վանիկ Օհանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության ոլորտում առկա խնդիրներին, բուժաշխատողների ծանրաբեռնվածությանն ու չհաշվարկված կամ ցածր աշխատավարձերին, որոշ համայնքներից դուրս գտնվող դիահերձարաններին, Վարդենիս քաղաքում հիվանդանոցի կառուցման ժամկետին, Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում հնարավոր չարաշահումներին եւ այլն:

Հաջորդիվ տեղի են ունեցել քվեարկություններ: Խորհրդարանն ընդունել է նախորդ օրը քննարկված նախագծերը:

Leave a Comment