Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին դուրս են միջազգային իրավունքի շրջանակներից՝ նշելով, որ դրանք հանգեցրել են տարածաշրջանում հակամարտության սրմանը։ Այս մասին ֆրանսիացի առաջնորդը հայտարարել է ազգին ուղղված հեռուստաուղերձում, որը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մերձավոր Արևելքում կրկին պատերազմ է բռնկվել․ այն սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների արդյունքում, տարածվել է ամբողջ տարածաշրջանում և ունի ծանր հետևանքներ բոլորի խաղաղության ու անվտանգության համար։ <…> Բանակցությունները փակուղի են մտել, և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը որոշել են սկսել ռազմական գործողություններ։ Դրանք իրականացվել են միջազգային իրավունքի խախտմամբ, ինչին մենք չենք կարող հավանություն տալ», – հայտարարել է Մակրոնը։
Պետության ղեկավարի վարկածով՝ սկզբնական պատասխանատվությունը տեղի ունեցողի համար, իբր, կրում է Իրանը։ Մակրոնը այդ տեսակետը հիմնավորել է Թեհրանի միջուկային ծրագրով և բալիստիկ հրթիռների ոլորտում նրա «աննախադեպ հնարավորություններով»։ Նախագահը նաև անդրադարձել է Իրանի կողմից Իրաքում, Եմենում, Լիբանանում և պաղեստինյան տարածքներում գործող արմատական շարժումներին ցուցաբերվող աջակցությանը, ինչպես նաև իսլամական հանրապետությունում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ճնշմանը։
«Ձևավորվում է նոր իրավիճակ։ Հարվածները պետք է շարունակվեն առաջիկա օրերին՝ Իրանը թուլացնելու և նրա պատասխան հարվածների միջոցները ոչնչացնելու համար», — նշել է նախագահը։ Նա ընդունել է, որ ի պատասխան Իսլամական Հանրապետությունը ստիպված կլինի հարվածներ հասցնել ողջ տարածաշրջանում, և մտահոգություն է հայտնել, որ «ոչ ոք չգիտի, թե երբ այն (հակամարտությունը) կավարտվի»։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։
