4 մարտի 2026 – 10:17 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանում պահվող հայերի հարցը կարևոր հումանիտար խնդիր է, որը պետք է լուծվի, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը` վերահաստատելով Եվրամիության դիրքորոշումը: Նա այդ մասին ասել է հերթական ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Civilnet-ի հարցին, հայտնում է Արմենպրեսը:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցն ընդգրկված է Եվրամիության օրակարգում և ինչ չափով է այն բարձրացվել Ադրբեջանի հետ շփումների ընթացքում։
«Որպես ընդհանուր կետ՝ մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության գործընթացում։ Մենք ցույց ենք տվել մեր աջակցությունը և մի քանի տարի կողմերի և միջազգային գործընկերների հետ աշխատել ենք, որ երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծվեն, իսկ գերիների մասով մենք հստակ ենք եղել, որ այս կարևոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, այդ թվում անհետ կորածների ճակատագիրը և Ադրբեջանում պահվող հայերի հարցը»,- պատասխանել է Անիտա Հիպերը։
Ադրբեջանում ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։
20 տարվա ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ 19 տարվա ազատազրկման են դատապարտվել Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը։ Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, իսկ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։