Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ իշխանական պատգամավորները ԱԺ ամբիոնից հայտարարում էին, թե նախկին նախարարը «թալանել է», դատարանը դեռ պետք է պարզի՝ 26 անշարժ գույքից որը ումն է, ըստ այդմ՝ արձանագրի «թալանի» մասշտաբները։

Մեր բացառիկ տեղեկություններով՝ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն ու նրա եղբայրը՝ գործարար Վահագն Մկրտչյանը, տարիներ շարունակ լարված հարաբերությունների մեջ են և անգամ չեն շփվում միմյանց հետ։ Այդ ֆոնին խիստ ուշագրավ է, որ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցում խոսքը գնում է Լևոն Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից ինչ-որ գույքեր բռնագանձելու մասին՝ ներառելով լայնածավալ գույք։

ՀՀ դատախազությունը պահանջում է բռնագանձել՝

• 26 անշարժ գույք,

• 7 տրանսպորտային միջոց,

• 5 իրավաբանական անձանցում մասնակցություն,

• 893 մլն 449 հազար դրամ,

• ևս 276 մլն 106 հազար դրամ՝ որպես չհիմնավորված և ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող միջոցներ։

Տեղեկացանք, որ Լևոն Մկրտչյանը հայտարարել է՝ «իրավասու մարմինն անգամ չի կողմնորոշվել՝ իրենից կոնկրետ ինչ է պահանջում»։ Նրա խոսքով՝ 2025-ի դեկտեմբերին մեկ թիվ է նշվել, 2026-ի հունվարին դատարան է ներկայացվել տասնապատիկ պահանջ, իսկ մարտի 2-ի հաղորդագրությունում արդեն բոլորովին այլ գումար է հրապարակվել։

Նա պնդում է, որ պահանջվող գույքերի գերակշիռ մասը պատկանում է իր եղբորը և նրա ընտանիքին, որոնք բիզնեսով զբաղվել են դեռ 1990-ականներից։

Այս փուլում առանցքային հարցը հետևյալն է․ ո՞ր գույքն է անձամբ Լևոն Մկրտչյանին պատկանում, և ո՞րը՝ նրա եղբորն ու ընտանիքի անդամներին։

Մինչ դատարանը չի տարանջատել սեփականության շրջանակը և չի գնահատել ապօրինի ծագման հիմնավորվածությունը, քաղաքական ամբիոնից հնչող մեղադրական հայտարարությունները հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Բռնագանձման այս աղմկոտ գործը, փաստորեն, մտնում է մի փուլ, որտեղ ոչ միայն թվերն են կարևոր, այլև դրանց իրավական ճշգրտությունը»։

Leave a Comment