Ռուսաստանցի հայտնի պրոմոութեր Կամիլ Գաջիևը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում կայացած RAF գրեփլինգի լիգայի մրցաշարում Արման Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը 5-3 հաշվով առավելության էր հասել ամերիկացի Ջորջիո Պուլասի նկատմամբ։ Գոտեմարտի ավարտից անմիջապես հետո երկու մարզիկների թիմերի ներկայացուցիչների միջև զանգվածային քաշքշուկ և բախում էր սկսվել։
Գաջիևն իր YouTube-յան ալիքում կիսվել է միջադեպի մանրամասներով՝ մեջբերելով Ծառուկյանի հետ ունեցած իր հեռախոսազրույցը.
«Միջադեպից անմիջապես հետո զանգահարեցի Արմանին։ Ասացի՝ երկար չեմ անհանգստացնի, պարզապես երկու բառով ներկայացրու՝ ի՞նչ է տեղի ունեցել։ Նա պատմեց. «Մրցակիցն ամբողջ գոտեմարտի ընթացքում շատ կեղտոտ էր պայքարում, անընդհատ քաշում և ոլորում էր մատներս։ Ես եռում էի զայրույթից, բայց մտքումս ասում էի՝ հենց գոտեմարտն ավարտվի, անմիջապես կհարվածեմ նրան։ Այդպես էլ եղավ՝ գոտեմարտն ավարտվեց, և ես խփեցի։ Դե, դրանից հետո արդեն ամեն ինչ սկսվեց»»։
Պրոմոութերը նաև նշել է, որ այս պահի դրությամբ միջադեպի շուրջ իրավիճակը հանգիստ է։
«Որքանով հասկացա, այժմ որևէ քրեական բնույթի գործընթաց չկա, իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է։ Թե ինչ հետևանքներ կլինեն ապագայում՝ դեռևս հարցական է»,- ասել է Գաջիևը։
Հիշեցնենք, որ սա Արմանի երկրորդ գոտեմարտն էր այս լիգայի հովանու ներքո։ Ընթացիկ տարվա հունվարի 10-ին նա հաջող նորամուտ էր ունեցել պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 05 մրցաշարում՝ 10-0 հաշվով վստահ և տպավորիչ հաղթանակի հասնելով ամերիկացի Լենս Պալմերի նկատմամբ։