Լեհաստանը բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ միջուկային զսպման ծրագրի շուրջ: Այս մասին երեքշաբթի օրը կառավարության նիստից առաջ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Լեհաստանը բանակցություններ է վարում Ֆրանսիայի և իր ամենամոտ եվրոպական դաշնակիցների խմբի հետ միջուկային զսպման ընդլայնված ծրագրի շուրջ։ Մենք մեր ընկերների հետ բարձրացնում ենք մարտական պատրաստվածությունը, որպեսզի թշնամիները երբեք չհամարձակվեն հարձակվել մեզ վրա»,- գրել է Տուսկը X սոցիալական հարթակում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ եվրոպական ութ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Բելգիան, Հունաստանը, Շվեդիան և Դանիան, կմիանան Ֆրանսիայի «առաջադեմ միջուկային դոկտրինային»: