Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին մարտի 3-ին հայտարարել է, որ Իրանը ցանկացած ագրեսիայի դեպքում թիրախավորելու է տարածաշրջանում գտնվող բոլոր ռազմաբազաները, սակայն դա չպետք է դիտարկվի որպես հարձակում տարածաշրջանի երկրների վրա:
«Մենք այս ագրեսիայից առաջ ասում էինք, որ եթե Ամերիկան և սիոնիստական ռեժիմը ագրեսիա իրականացնեն մեր դեմ, մենք կդիմադրենք և ցանկացած ռազմաբազա, որտեղից այդ հարձակումները տեղի կունենան, դրանք կլինեն մեր օրինական թիրախները», – նշել է դեսպանը:
Շիրղոլամին հատուկ շեշտել է, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների թիրախավորումը չպետք է դիտարկվի որպես հարձակում տարածաշրջանի երկրների վրա: «Այդ ռազմաբազաներն օգտագործվել են Իրանի վրա հարձակման համար: Հետևաբար, հուսով եմ, որ մեր հարևանները դա կհասկանան և այդ ռազմաբազաները եղել են գործնականում ամերիկյան իշխանության ներքո», – ասել է նա:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ցամաքային հարձակման հնարավորությանը՝ դեսպանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դիմակայել ցանկացած ագրեսիայի: «Մենք կդիմադրենք ցանկացած ագրեսիայի, մեր զինված ուժերը պատրաստ են, մեր ժողովուրդը՝ նույնպես: Նրանք արդյունք չգրանցեցին իրենց օդային հարձակումներից, իրենք կարծում էին, որ օդային հարձակումներով կարող են տապալել Իրանի իշխանությունը, բայց որևէ նման բան չկա», – եզրափակել է Շիրղոլամին:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Խամենեիի մահը:
