3 մարտի 2026 – 14:33 AMT
PanARMENIAN.Net – «Մեր ձևովն» ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունն են մրցելու ընդդիմադիր առաջին ուժը լինելու համար, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում:
Նա նաև ասել է, որ 2021 թվականին «Հայաստան» դաշինքն ընտրած քաղաքացիների առյուծի բաժինն այլևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձայն չի տալու, հայտնում է Aysor.am-ը:
Ըստ նրա՝ Քոչարյանը նախ պետք է կարողանա ղեկավարել «Հայաստան» խմբակցությունը, քանի որ, նրա համոզմամբ, դա չի ստացվում։ Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ խմբակցությունը չի կառավարվում Քոչարյանի կողմից, և այնտեղ իրական ազդեցությունը Դաշնակցությունն է ձեռք բերել, իսկ մյուսները պարզապես սատելիտներ են։
«Ով-ով, Քոչարյանը ղեկավարելու մասին թող չխոսի: Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին հատելո՞ւ է շեմը և հայտնվի խորհրդարանում, թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ կա, այլ կուսակցություններ են վերցնելու։ Իմ ինֆորմացիայով՝ ինքն այդ խնդիրն ունի: Այդ քաղաքացիների առյուծի բաժինն իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր կուսակցության։ Սրա մասին Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի»։»,-ասել է Սիմոնյանը։
Նա նաև ընդգծել է, որ վստահ է՝ երկու-երեք ընդդիմադիր ուժ կարող է հաղթահարել անցողիկ շեմը։
«Դա ընտրարշավը ցույց կտա։ Կարծում եմ՝ կամ «Մեր ձևովի» տարբերակն է, կամ Ծառուկյանի։ Իրենք երկուսով են մրցելու ընդդիմադիր առաջին ուժը լինելու համար»,-ասել է նա:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: